Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես միշտ՝ կոչ եմ անում շարունակել վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է. Սերժ Սարգսյան
«Այսօր Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար՝ խոցելի: Այս սին պատրանքերից ելնելով՝ հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքների դիմել»,- ԵԿՄ 11-րդ համագումարում ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ հսկայական գումարներ քամու տալու ճանապարհով դատարկ ու մեկշաբաթանոց կյանք ունեցող PR ակցիաների սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս Արցախի հարցը կոչեց Ադրբեջանի ներքին խնդիր:
«Ցավոք, մարդկանց հիշողությունը կարճ է: Որևէ իրավական ու բարոյական հիմք չունեցող հենց այդ մտածողությունը ժամանակին հանգեցրեց հակամարտության սրմանը և պատերազմին՝ բերելով բազմաթիվ անտեղի զոհեր ու տառապանքներ հենց առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդին: Ձեզանից շատերը հիշում են, թե 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ և ասել, որ մի շաբաթ հետո, մի քանի օր հետ ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու: Ինչպես պատմությունը ցույց տվեց, ձեր և մեր ժողովրդի այլ հերոս զավակաների ջանքերով այնպես ստացվեց, որ ոչ միայն Ստեփանակերտում թեյ չխմեցին, այլ նաև զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթուում, Քելբաջարում և այլ վայրերում թեյ խմելուց:
Մենք, անկեղծ եմ ասում, Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն և ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ Արցախի խնդիրը հայ ժողովրդի գործն է, հայության դատն է, ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան:
«Ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները սարի պես կանգնած են Արցախի մեր քույրերի, եղբայրների թիկունքին: Բոլոր հնարավոր սադրանքներն արժանի հակահարված են ստանալու, պատրանքների վրա հիմնված քաղաքականությունն ապագա չունի և չի կարող ունենալ: Ասվածի ապացույցն անցած տասնամյակների փորձն է»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Դիմելով ԵԿՄ-ականներին՝ ՀՀ նախագահն ասաց. «Ինչպես միշտ՝ կոչ եմ անում շարունակել վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է»: