2017թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով
Քաղաքական
18:48 20/02/2017
Հայաստան

2017թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 6.5 տոկոսով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.2%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 0.2%-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները՝ 13.6%-ով:

Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունը տարվա առաջին ամսին աճել է 9,4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առևտրի՝ 12,1%-ով:

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այս տարվա հունվարին 2016թ-ի հունվարի համեմատ շինարարության ծավալները կրճատվել են 5.3%-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  2017թ-ի հունվարին սպառողական գների ինդեքսը Հայաստանում  նվազել է 0.6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ավելացել 5,5%-ի չափով:

Ըստ վիճակագրության՝  Հայաստանի և գործընկեր-երկրների միջև առևտուրն ակտիվացել է: 2017 թվականի հունվարին Հայաստանը  արտաքին աշխարհի հետ իրականացրել է 358.7  մլն դոլարի առևտուր, ինչը 2016 թվականի հունվարի  համեմատ աճել է 45.5%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 121.5 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով  35.4%-ով, իսկ ներմուծումը կազմել է 237.2 մլն դոլար՝ աճելով 51.4%-ով:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա ԱՎԾ-ի փոխանցմամբ, 2017թ-ի  հունվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.2 %-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 4.1%` կազմելով 160,7 հազար դրամ: Մասնավոր հատվածում աշխատավարձն աճել է 6.3%-ով՝ հասնելով  շուրջ 223 հազար դրամի:

Placeholder
2017թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով