Վրաստանի վարչապետ. Մենք պատրաստակամ ենք ակտիվացնել առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ
Քաղաքական
19:44 23/02/2017

Վրաստանի վարչապետ. Մենք պատրաստակամ ենք ակտիվացնել առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ

«Հայ-վրացական  համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է»: Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ում գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

«Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թևակոխել ենք համագործակցության նոր փուլ: Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից և կփորձենք գտնել համագործակցությունն առավել ակտիվացնելու նոր ուղիներ»,- նշել է ՀՀ վարչապետը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վրաստանի վարչապետն, ողջունելով հայաստանյան գործընկերներին, նշել է, որ վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով և ավելացրել, որ նման բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով:

«Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը:

Կարևորելով մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը՝ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշների աճին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը:

Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը:

Աղբյուրի հաղորդմամբ, ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետերի ներկայությամբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:

 Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: 

Placeholder
Վրաստանի վարչապետ. Մենք պատրաստակամ ենք ակտիվացնել առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ