Ինչ կարգախոսներով են քաղաքական ուժերը մասնակցելու ընտրություններին
Քաղաքական
13:35 24/02/2017
Հայաստան

Ինչ կարգախոսներով են քաղաքական ուժերը մասնակցելու ընտրություններին

«Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ.  Կոմունիստական կուսակցության հաղթանակը  ժողովրդի հաղթանակն է»: Այս կարգախոսով է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու  Կոմունիստական կուսակցությունը:

«Մենք այս կարգախոսով ասում ենք, որ եթե հաղթենք, նշանակում է, որ ժողովուրդն ինքն է հաղթել, ժողովրդի վիճակը կլինի այնպես, ինչպես խորհրդային միության տարիներին՝ գերազանց»,- Panorama.am-ին ասաց Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

«Ելք» դաշինքն ընտրություններին մասնակցելու է «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Կա ընտրություն, կա ելք» կարգախոսներով: Դաշինքի  տարածքային ցուցակում (թիվ 2 ընտրատարածք.  Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ընդգրկված Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս կարգախոսների միջոցով ընտրողը հստակ կիմանա, որ «Ելք» դաշինքի միջոցով կարող է հասնել փոփոխությունների:

«Ընտրողը կիմանա, որ մեր տեսլականն ապագայի նկատմամբ, ապագայի վերաբերյալ այն է, ինչ նաև ինքն է ցանկանում՝ փոփոխություն, փոփոխություն դեպի լավը, դեպի զարգացումը»,- նշեց նա:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով նաև «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակում է, ասաց, որ  դաշինքն ընտրություններին մասնակցելու է  «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»  հիմնական կարգախոսով: 

«Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե ինչ գաղափարախոսություն է ընկած կարգախոսի հիմքում, որ իսկապես եկել է փոփոխությունների, կառուցելու, գործնական քայլերի անցնելու ժամանակը»,-   նշեց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է «Մենք կարող ենք» կարգախոսով:

«Մենք ընտրել ենք այդ կարգախոսը, որն, իհարկե, ուղերձներ է պարունակում. մենք կարող են պաշտպանել Հայաստանի քաղաքացու իրավունքները, երաշխավորել ՀՀ  ինքիշխանությունը, անվտանգությունը, ապահովել որակյալ կրթություն,  ապահովել, վերականգնել արդարադատությունը, պայքարել կոռուպցիայի դեմ: Ընդհանրապես, գտնում ենք, որ կարող ենք Հայաստանը դնել ճիշտ ուղու վրա: Մենք  ունենք Հայաստանի քաղաքացու զարգացման տեսլական: Ճիշտ ընտրության կատարելու դեպքում, իհարկե, կարող ենք Հայաստանի քաղաքացիների հետ միասին բարեփոխել այս իրավիճակը, որը տիրում է Հայաստանում: Մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությանը Եվրոպական միության ընտանիքի լիիրավ անդամ»,- Panorama.am-ին ասաց «Ազատ դեմոկրատներ» կոսակցության մամուլի քարտուղար Սոնա Մինասյանը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն ասաց, որ ընտրություններին հանդես են գալու «Քվեարկիր հանուն փոփոխության, հանուն վերածնունդի» կարգախոսով:

Նշենք, որ նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեացրել էր, որ  2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նշանաբանը կլինի «Անվտանգություն և առաջընթաց»: Նրա խոսքերով՝ քարոզչության հիմքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության  զարգացումը»:

ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավն իրականացնելու է «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կարգախոսն է՝ «Համախմբում, ժառանգություն, հաղթանակ»:

Placeholder
Ինչ կարգախոսներով են քաղաքական ուժերը մասնակցելու ընտրություններին