Նոր «դրայվ» հայ-վրացական հարաբերություններին. Ջոնի Մելիքյանը՝ վարչապետի Թբիլիսի կատարած այցի մասին
Քաղաքական
15:02 25/02/2017
Հայաստան

Նոր «դրայվ» հայ-վրացական հարաբերություններին. Ջոնի Մելիքյանը՝ վարչապետի Թբիլիսի կատարած այցի մասին

Հայաստանը Վրաստանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, և ինչպես սիրում է ասել մեր վարչապետը, այս այցը «դրայվ» կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին: Այս մասին այսօր Երևան–Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ  ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

«Այս այցից հետո կարող ենք ասել, որ շփումը կայացել է և շատ կարևոր է, որ կայացած կոնտակտը չխափանվի: Հուսով եմ, որ ներկայիս վարչապետերը կշարունակեն համագործակցությունը և կյանքի կկոչեն ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հարաբերություններին տալով նոր «դռայվ»,-ասաց նա: 

Փորձագետի խոսքերով՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ և  կլինեն մի շարք փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, գործնական քայլեր կարվեն ենթակառուցվածքների, էներգետիկայի, ներդրումների, համատեղ զբոսաշրջային փաթեթների և այլ ոլորտներում։ 

«Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը Վրաստան է գնացել առաջարկների փաթեթով, որը հետաքրքրել էր վրացական կողմին: Կարծում եմ, որ Հայաստանում առաջիկա փոխադարձ հանդիպման ժամանակ կբացեն փակագծերը, որը դրական կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա»,- ընդգծեց Ջոնի Մելիքյանը:

Նա առանձնացրեց Վրաստանի հետ քննարկվող հիմնական հարցերից  մեկը՝  Հայստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ էներգակամուրջի նախագիծը:

«Հայաստանն ունի փորձ Իրանի հետ էներգետիկ ոլորտում, ստանում ենք գազ և էներգիան ենք տալիս: Ժամանակն է՝ նույն համագործակցությունը հաստատել Վրաստանի և Ռուսաստանի հետ»,- նշեց փորձագետը: 

Վրաստանում Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկու գնահատմամբ՝ Հայաստանի վարչապետի այց Թբիլիսի հետաքրքիր էր և շատ տպավորիչ:

«Ոչ միշտ է լինում, որ նման կարճատև այցը դրական մթնոլորտում է կայանում: Հույս ունեմ, որ Հայաստանի վարչապետի ներկայացրած առաջարկների փաթեթը կյանքի կկոչվի, դրանք կդիվերսիֆիկացվեն»,- ասաց Ալեքսանդր Ռուսեցկին:

Անդրադառնալով Վերին Լարսի ճանապարհի այլընտրանքի հարցում ձեռք բերված  պայմանավորվածությանը՝  Ջոնի Մելիքյանը նշեց, որ  այդ հարցը ակտուալ է հատկապես Հայաստանի համար: Նրա խոսքերով՝ վերջին տարիներին հայկական կողմը մշտապես բարձրացնում է Լարսի այլընտրանքի հետ կապված հարցը:

«Խոսվում է, որ այլընտրանքային ճանապարհը կլինի Աբխազիայի կամ Օսեթիայի սահմանով, սակայն կարծում եմ, որ կա ավելի ռեալ այլընտրանքային ճանապարհ: Դա ծովային ճանապարհն է՝ Կովկաս-Փոթի նավահանգիստը»,- նշեց Ջոնի Մելիքյանը:
 

Placeholder
Նոր «դրայվ» հայ-վրացական հարաբերություններին. Ջոնի Մելիքյանը՝ վարչապետի Թբիլիսի կատարած այցի մասին