«Ֆորս-մաժորը» քիչ է հավանական . Սերգեյ Մինասյան
Քաղաքական
14:15 02/03/2017
Հայաստան

«Ֆորս-մաժորը» քիչ է հավանական . Սերգեյ Մինասյան

«Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ասոցացման պայմանագրի «լայթս» տարբերակն է։ Բայց քանի որ Հայաստանը տարիներ առաջ դարձել է ԵՏՄ անդամ, աշխարհաքաղաքական կոնտեքստը փոխվել է։ Այժմ այս փաստաթուղթն առավելագույնն է, ինչ կարող էինք ստանալ նման աշխարհաքաղաքական իրավիճակում»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Նա միաժամանակ նշեց՝ մնում է հուսալ, որ ստորագրվելիք փաստաթուղթը միտված կլինի Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանը՝ նպաստելով կողմերի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների խորացմանը։

«Քաղաքական իրականությունը փոխվեց, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ Եվրամիության հետ նոր փաստաթղթի ստորագրման գործընթացն  արագացավ միմիայն ԵՄ-ի ճկունություն ցուցաբերելու պատճառով։ Պետք է հասկանանք, որ այս փաստաթուղթը չի պարունակում անվտանգային այնպիսի տարրեր, որոնք կանհանգստացնեին Ռուսաստանին և կհարուցեին նրա խանդը։ Իհարկե, տեսական առումով Հայաստանը 2013-ի սեպտեմբերի 3-ին կարող էր այլ որոշում ընդունել։ Դա, սակայն, անվտանգային  և մի շարք խնդիրներ կհարուցեր։ Ելնելով Արցախյան հիմնախնդրի առկայությունից՝ մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ բան պետք էր զոհաբերել»,- շեշտեց Սերգեյ Մինասյանը։

Փորձագետը քիչ հավանական համարեց ֆորս-մաժորի հնարավորությունը, որը կկասեցնի փաստաթղթի հնարավոր ստորագրումը ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի հատկապես արտաքին հարաբերությունների հավասարակշռման տեսանկյունից, քանի որ ուժեղացնում է արտաքին գործընկերների հետ հարաբերությունները։

Placeholder
«Ֆորս-մաժորը» քիչ է հավանական . Սերգեյ Մինասյան