«ԵՄ-ն բավական դանդաղաշարժ կառույց է, ինչը գալիս է ընթացակարգերից, կառուցվածքից»
Քաղաքական
14:51 03/03/2017
Հայաստան

«ԵՄ-ն բավական դանդաղաշարժ կառույց է, ինչը գալիս է ընթացակարգերից, կառուցվածքից»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել բավական կարևոր էր երկկողմ հարաբերությունների համատեքստում ժամացույցները ճշգրտելու, հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարները, ուղենիշները ճշտելու համար,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը:

Նա նշեց, որ այցի ընթացում արձանագրվեց, որ հարաբերությունները դինամիկ զարգանում են, հասել են մի նոր հանգրվանի՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, ակնկալում են ստորագրում:

«Պայմանագիրը 2015 թվականի դեկտեմբերից մեկնարկած հետևողական և ակտիվ բանակցությունների արդյունք էր: Նոր համաձայնագիրը քաղաքական մասով հիմնված է Ասոցացման  համաձայնագրի վրա: Տնտեսական  մասով որոշակի փոփոխություններ կատարվեցին՝  հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և դրանից բխող մեր որոշակի պարտավորությունները»,- ասաց Ա. Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ նոր շրջանակային համաձայնագիրը Հայաստանի կողմից հայտարարված «և-և»-ի քաղաքականության որոշակի արձանագրումն է կամ  արդյունավետ կիրառման առաջին հանգրվանը, որը ցույց է տալիս, որ Հայաստանը կարողանում է արդյունավետ  կերպով համադրել  անդամակցությունը ԵԱՏՄ-ին և համագործակցությունը ԵՄ-ի հետ: Փորձագետը նաև ուշադրություն հրավիրեց համաձայնագրի անվանման վրա՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության», ինչը, նրա խոսքով, վկայում է, որ հավակնոտ է:  Ա. Կարապետյանը  նշեց, որ եվրոպական կողմից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ն կարևորում է Հայաստանին, Հայաստանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է, որի հետ  արդյունավետ հարաբերություններ զարգացնելու, խորացնելու մտադրություն կա:

Փորձագետը կարևորեց այցը նաև ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների առումով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Հայաստան հրավիրելու քայլը, ով, այցելելով Հայաստան,  կարող է տեսնել, թե Թուրքիա-Հայաստան փակ սահմանը  որքան մեծ վնաս է հասցնում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին:

Ասուլիսին ներկա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը պատասխանելով հարցին, թե Հայաստանի համար  ի՞նչն է ավելի ձեռնտու, շահավետ՝ ՀՀ-ԵՄ պայմանագիրը ստորագրվի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո՞, թե՞ առաջ, ասաց, որ ԵՄ-ն բավական դանդաղաշարժ կառույց է, ինչը գալիս է ընթացակարգերից, կառուցվածքից, այսինքն  ընտրություններից առաջ չի լինի ստորագրում, քանի որ չեն կարող ֆիզիկապես հասցնել: Կ. Բեքարյանը նաև նշեց, որ ընտրությունները չեն կարող ազդել ստորագրման գործընթացի վրա, քանի որ մինչև ստորագրումը  նախատեսված գործընթացները տեխնիկական են:

«Բայց չմոռանանք, որ ստորագրումից հետո ԵՄ բոլոր անդամ երկրներում վավերացման փուլ ունենք: Եթե ԵՄ անդամ ինչ-որ երկրներ  ընտրությունների հետ կապված վերապահումներ ունենան, կփորձեն որևէ կերպ նյութականացնել այն ժամանակ, երբ որ կլինի վավերցման գործընթացը»,- ասաց Կ. Բեքարյանը:

Placeholder
«ԵՄ-ն բավական դանդաղաշարժ կառույց է, ինչը գալիս է ընթացակարգերից, կառուցվածքից»