Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նինոծմինդայի Երիտասարդական պալատում նախօրեին տեղի է ունեցել «Փամփուշտ» ֆիլմի առաջին մասի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմի երկրորդ մասը դեռ նկարահանվելու է: jnews.ge-ի հաղորդմամբ, «Փամփուշտ» ֆիլմի ռեժիսորն է Վահե Իրիցյանը, իսկ դերասանական կազմը հենց երիտասարդությունն է: Ներկա դրությամբ նկարահանված է 20 րոպե տևողությամբ ֆիլմի առաջին մասը:
«Փամփուշտը» կրիմինալ դետեկտիվ ֆիլմ է, որը ցուցադրելով հանցավոր աշխարհի բացասական կողմերը նպատակ ունի երիտասարդությանը հետ պահել նման ուղուց, քանի որ երիտասարդությունը զբաղմունք չունենալու պատճառով շատ հաճախ տարվում է նման արարքներով:
Մշակութային գործիչ Ժորա Սնխչյանի կարծիքով, նման ֆիլմի գոյությունը Նինոծմինդայում արդեն իսկ շրջադարձային նշանակություն ունի:
«Այս ֆիլմի ասելիքը շատ արդիական է մեր օրերում, որովհետև նարկոմանիան, մանուկ հասակից ծխելը, հասարակական վայրերում խմելու, հակահասարակական արարքներով տարվելու տենդենցը միշտ էլ կա, բայց դրա դեմ պայքարի ուղիների մշակման համար պետք է նման ազդեցիկ միջոցներ ևս օգտագործել: Կինոն այդ արտահայտչամիջոցներից մեկն է: Առաջին մասում դեռ ինտրիգան է, հաջորդ մասում կգերակշռի դաստիարակչական մասը: Եվ ամեն մի երիտասարդ, նայելով կինոն, կզգա, կտեսնի, որ այս բոլորը չարիք է»,- ասել է «Փամփուշտ» ֆիլմի դերասան Ժորա Սնխչյանը:
Նրա խոսքով, մարտի 2-ը կարելի է պատմական օր համարել ամբողջ Ջավախքի համար:
«Բարձրարվեստի մասին դեռ վաղ է ասել, բայց, որ Ջավախքում ծիլեր կան, դա հայտնի է: Եվ ես սա համարում եմ Ջավախքում կինոյի ստեղծման, հիմնադրման օր, սա շատ կարևոր է մեր արվեստի համար, որովհետև ամեն արվեստի ճյուղ ամեն ինչ մենք ունեցել ենք»,- ասել է մշակութային գործիչ Ժորա Սնխչյանը:
«Փամփուշտ» ֆիլմը նկարահանվել է անվարձահատույց նվիրյալ երիտասարդության կողմից: Նկարահանումներին մասնակցել են մոտավոր 40 մարդ: Ֆիլմի ռեժիսոր Վահե Իրիցյանի խոսքերով, շարունակությանը հանդիսատեսը կարող է սպասել 4 ամիս անց: Իսկ երկրորդ մասը կնկարահանվի ինչպես Նինոծմինդայում, այնպես էլ Թբիլիսիում և Բաթումիում: