745 ուսանողի, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, հանձնվեց կրթաթոշակների հավաստագրեր
Կրթություն, գիտություն
17:14 03/03/2017
Հայաստան

745 ուսանողի, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, հանձնվեց կրթաթոշակների հավաստագրեր

Հանրապետության բուհերի 745 ուսանող  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցում: Այսօր բուհերի ներկայացուցիչներին ուսանողների ուսման վարձերի կրթաթոշակների հավաստագրերը հանձնեց  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց նաև  2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած 5 ուսանողի:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ Հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության, Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:  Նրա խոսքերով՝ այս տարի մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 1305 ուսանող:

«Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամ, սահմանամերձ համայնքների, ինչպես նաև գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները»,- նշեց նա:

Հայկական պետական մանկավարժական համալսարանից մրցույթին դիմել է 299 առաջին կուրսեցի, որոնցից կփոխհատուցվի 156-ի ուսման վարձը։ Երևանի պետական համալսարանից կփոխհատուցվի 157 ուսանողի (դիմել են 237-ը), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից  69 ուսանողի (դիմել են 189-ը) ուսման վարձը և այլն։

Մրցույթի շրջանակներում ներգրավված են նաև մարզերում գործող բուհերի ուսանողները։ Մասնավորապես, ուսման վարձի փոխհատուցման ծրագրից կօգտվի Վանաձորի պետական համալսարանի 44 (դիմել են 57-ը), Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 25 ուսանող (դիմել են 32-ը) և այլն։

Ուսման վարձի փոխհատուցում կստանա նաև զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 11 ուսանող:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից։ 2011 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերի շրջանակներում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել է շուրջ 6000 ուսանողի ուսման վարձ։

Placeholder