Հայաստանում ազգային փոքրամասնություններն ու Շահին Միրզոևը կլոր սեղանի շուրջ
Քաղաքական
10:54 03/03/2017
Հայաստան

Հայաստանում ազգային փոքրամասնություններն ու Շահին Միրզոևը կլոր սեղանի շուրջ

«Վերջին  ժամանակներում Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանում նկատվում է  ատելության, բռնության քարոզչության աճ: Մենք դա նաև զգացինք ապրիլյան պատերազմի ժամանակ, որի ժամանակ եղան դաժանություններ, խոշտանգումների դեպքեր»,- «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Քննարկմանը  ներկա են Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, վերջերս Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած  Ադրբեջանից ժամանած թալիշ ընդդիմադիր  լրագրող Շահին Միրզոևը:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, ընտրված թեման արդիական է ոչ միայն Հայաստանի, նաև Արցախի Հանրապետության համար:

«Մեր գործունեության   ընթացքում  մենք ուշադրություն ենք դարձնում այս խնդրին: Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Մարդու իրավունքների այն ժամանակվա  պաշտպանն իր զեկույցում անդրադարձ կատարել էր այլատյացությանը վերաբերող հարցերին՝ որպես ապրիլյան պատերազմի բուն նախահիմք»,- ասաց նա:

Ռ. Մելիքյանի խոսքով, Ադրբեջանի բաց աղբյուրներին հետևելով, հասկանում են, թե ինչ վիճակ է  այդ երկրում այլատյացության մասով. «Որքան էլ լավատես լինենք, դրական  տեղաշարժ չենք կարող արձանագրել»:

Նա նշեց, որ հավանական է այս ուղղությամբ առանձին զեկույց հրապարակեն, փաստահավաք գործունեությունը շարունակում են: 

ԵՊՀ  Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասաց, որ Ադրբեջանում  ձուլման քաղաքականությունից չեն կարողացել խուսափել մահմեդական որևէ տեղաբնիկ ժողովուրդի ներկայացուցիչ:

«Ադրբեջանում խոսել սեփական էթնիկական պատկանելիության մասին, դիտարկվում է որպես հանցանք»,- նշեց նա:
 

Placeholder
Հայաստանում ազգային փոքրամասնություններն ու Շահին Միրզոևը կլոր սեղանի շուրջ