Ադրբեջանը տարիներ շարունակ խարդավանքների միջոցով իրականացրել է ձուլման քաղաքականություն. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
16:46 03/03/2017
Հայաստան

Ադրբեջանը տարիներ շարունակ խարդավանքների միջոցով իրականացրել է ձուլման քաղաքականություն. Վարդան Ոսկանյան

«Ադրբեջանում էթնիկ ժողովուրդների ձուլման քաղաքականությունն իրականացվում է նաև «ադրբեջանցի» եզրի երկիմաստ գործածության շնորհիվ»,- «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ  Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Նա նշեց, որ «ադրբեջանցի» եզրը թե հայերենով, թե այլ լեզուներով, թե բուն տարածքի՝ թյուրքական լեզվով ունի երկիմաստություն, ցույց է տալիս քաղաքացիական  և տարածքային պատկանելություն, ինչպես «հայաստանցի» եզրը, միաժամանակ ունի էթնիկական լիցք, ինչպես օրինակ «հայ» եզրը:

«Դիցուկ, շատ թալիշներ համաձայն են լինել ադրբեջանցի՝ ենթադրելով, որ ցույց  է տալիս բացառապես քաղաքացիական պատկանելիությունը: Երկիմաստությունը, տերմինաբանական շփոթը  բերում է լրացուցիչ վտանգ  այդ ժողովուրդների ձուլման: Տարիներ շարունակ նման խարդավանքների միջոցով իրականացվել է ձուլման քաղաքականությունը»,- ասաց իրանագետը:

Նրա խոսքով, Ադրբեջանում ձուլման քաղաքականության առումով իրավիճակը չափազանվ վատ է, տրամաբանությունից դուրս: Վ. Ոսկանյանն ասաց, որ թալիշական մշակութային կենտրոնը մեկ տասնամյակից ավելի ջանքեր է  գործադրել գրանցվել, բայց չի գրանցվում այն պատճառաբանությամբ, որ ՀԿ-ի անվանման մեջ թալիշական բառը կա:

«Ներքին խողովակներով համապատասխան անձանց տեղյակ են պահում, որ եթե հանեն թալիշական անունը, կազմակերպությունը կգրանցվի»,-  նշեց նա:

Վ. Ոսկանյանի խոսքով, թալիշ ակտիվիստները ճնշումների են ենթարկվում Ադրբեջանական Հանրապետությունում, նույնիսկ կան սպանության, ձերբակալության դեպքեր:  Նրա խոսքով,  կովկասյան պարսիկների ձուլման քաղաքականությունը, ի տարբերություն թալիշների, ավելի վայրենի տեմպերով է ընթանում:

Վ. Ոսկանյանն ասաց, որ թեև Ադրբեջանը Եվրախորհրդին անդամակցելու ընթացքում ստորագրել է տեղաբնիկ ժողովուրդների, ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանությանը նպաստելուն ուղղված խարտիան, սակայն 1990-ականներին են միայն մի քանի դասագքրեր հրատարակվել: Այդ գրքերի մի որոշ մաս հրապարակային այրվել է:

 

Placeholder
Ադրբեջանը տարիներ շարունակ խարդավանքների միջոցով իրականացրել է ձուլման քաղաքականություն. Վարդան Ոսկանյան