Հայաստանում արտադրված արտադրանքը քաջալերելու միջավայր չկա. սիրիահայ գործարար
Քաղաքական
14:21 03/03/2017
Հայաստան

Հայաստանում արտադրված արտադրանքը քաջալերելու միջավայր չկա. սիրիահայ գործարար

Հայաստանում բիզնես սկսելն ունի իր առավելություններն ու թերությունները, - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Սիրիահայերի միություն» կազմակերպության խորհրդի անդամ, գործարար Շանթ Խնկիկյանը, ով 2012 թվականից տեղափոխվել է Հայաստան և իր բիզնեսը սկսել այստեղ:

Նա պատմեց, որ այստեղ զբաղվում է էլեկտոնիկայի սարքավորւմների արտադրությամբ:

«Մինչ այս՝ մեր արտադրամասի առաջին մանսաճյուղն ունեցել եմ Սիրիայում: Այն այժմ էլ գործում է այնտեղ, որի արտադրանքը հիմնականում տեղի շուկայի համար: Սիրիայում շուկան մեծ է ու ինքնստինքյան արտաքին շուկայի կարիք չի լինում: Այլ խնդիր է Հայաստանում, այստեղ շուկան փոքր է ու տեղական արտադրանքի փոխարեն այն լի է դրսի արտադրանքով: Հայաստանում արտադրված արտադրանքը քաջալերելու միջավայր չկա, դրանով բիզնեսի արտադրությունը սահմանափակվում է: Խրախուսող քայլեր են պետք»,- մտահոգություն հայտնեց նա:

Նա տեղեկացրեց, որ իրենց արտադրանքը Հայաստանից փորձում են արտահանել եվրոպական և արաբական երկրներ, բայց այստեղ էլ են խնդիրների հանդիպում. «Միայն օդային ճանապարհներով ենք կարողանում մեր արտադրանքը դուրս հանել, ինչը շատ թանկ է նստում, այլ ճանապարհներ չկան»:

Ինչ վերաբերում է բիզնեսի մասին Հայաստանի և Սիրիայի օրենքներին՝ Շանթ Խնկիկյանը նշեց, որ Հայաստանում օրենքն ավելի պարզ ու հստակ է, և իրենք օրենքը հասկանալու հետ կապված որևէ դժվարությունների չեն հանդիպել, պարզապես այդ օրենքով պետք է որոշ առավելություններ տան նոր բիզնես սկսողներին:

«Գոնե պետք է հատուկ պայմաններ ստեղծել նոր բիզնես սկսողների համար, օրինակ առաջին երկու-երեք տարին քիչ հարկել, հումք ներմուծելիս՝ չհարկել: Այնպես պետք է անել, որ Հայաստան եկող սիրիահայ գործարարի մոտ վստահություն լինի, որ այստեղ կարելի է գործ սկսել»,-հավելեց նա:

Սիրիահայ գործարարը նաև նշեց, որ միության անդամներով հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ներկայացրել բիզնես միջավայրը բարելավող իրենց առաջարկները և այժմ սպասում են գործուն քայլերի:

ՀՀ կառավարության որոշումամբ հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը` մարտի 3-ը, պաշտոնապես նշվում է որպես «Գործարարի օր»:

Placeholder