Մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս, դա բումերանգ է. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:04 04/03/2017

Մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս, դա բումերանգ է. «Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «15 տարի առաջ Հայաստանի  երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը փակեց  «Ա1+»-ը՝ վրեժ լուծեց իր վերահսկողության տակ չգտնվող  հեռուստաընկերությունից:  Թվում է, թե ամեն ինչ մարսվել ու մոռացվել է:  Բայց դա այդպես չէ՝  լրագրողները, նույնիսկ նրանք, ովքեր փաստացի ողջունել էին  Քոչարյանի այդ որոշումը,  հիշում են դրա մասին և շարունակում են հենց այդ  տեսանկյունից ընկալել նրա թիմը:  Եվ երբ այդ թիմի անդամներն ասում են,  թե իբր իրենք ուղնուծուծով  ու արյան  բաղադրությամբ  ժողովրդավար են,  դա մեղմ ասած, որոշ առարկություններ է առաջացնում:  Ստացվում է, որ Քոչարյանը ժամանակին բավարարել է իր կիրքը,  բայց շատ մեծ վատություն է արել կր թիմին, որն անկախ մնացած բոլոր հանգամանքներից և նույնիսկ անվիճելի արժանիքներից՝  իմացող մարդկանց կողմից  ընկալվելու է որպես  ազատ խոսքի թշնամի:

Երբ քաղաքական գործիչը հարցազրույցի կամ  ասուլիսի ժամանակ  վրդովվում է,  փնովում է ր սկսում դասեր տալ  լրագրողներին, որ  նրանք «ճիշտ» հարցեր տան,  և «ճիշտ» բաներ գրեն,  ու գոռգոռալ՝ «ես գիտեմ՝ դուք ում պատվերն եք կատարում»,  դա խոսում է այդ գործչի ոչ շրջահայաց,  ոչ հեռատես լինելու մասին:  Դարձյալ փաստենք՝  գուցե այդ ասուլիսում լինեն  լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են այդ  վրդովված գործչի շահերը:  Միևնույն է՝  նրանք բնազդաբար,  ենթագիտակցաբար  այդ «ջղային»  մենախոսությունը  ընկալելու են որպես  իրենց ուղղված  վիրավորանք:  Եթե, իհարկե,  նրանք լրագրող են,  ոչ թե պատահական մարդիկ:  Վաղվանից սկսվում է ընտրարշավը:  Եթե թույլ տրվի,  իմ բարի խորհուրդը մանդատների  համար կռիվ տվողներին՝ մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս: Դա բումերանգ է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Placeholder
Մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս, դա բումերանգ է. «Առավոտ»