Ցեղասպանության ձեռնարկ ուսուցիչների համար, ոչ թե՝ դասավանդում
Կրթություն, գիտություն
12:59 04/03/2017
Հայաստան

Ցեղասպանության ձեռնարկ ուսուցիչների համար, ոչ թե՝ դասավանդում

Դպրոցներում Ցեղասպանության դասավանդումն սոցցանցերի օգտատերերի մեծ մասն արդեն հասցրել է քննադատել ու ցեխ շպրտել այն նախաձեռնողների վրա: Կրթության և գիտության նախարարությունը քննադատություններին, մեղադրանքներին ու երեխաներին դպրոց չտանելու սպառնալիքներին դեռ չի արձագանքել: Իսկ մինչ այդ…

Հարցի  մասին միակ պաշտոնական հաղորդագրությունը  եղել է մարտի 2-ին, երբ  ԿԳՆ-ում ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով»  ուսուցչի համար ուղեցույցի քննարկումն է տեղի ունեցել, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների մի խումբ մանկավարժներ:

«Փոքր տարիքի երեխաների հետ մահվան, ցեղասպանության մասին խոսելու հարցը բավականին ծեծվել է, ԱՄՆ-ում մանկավարժների, հոգեբանների հետ խորհրդակցել ենք: Նկատի ունենալով այլ ժողովուրդների փորձը, օրինակ՝ հրեաներինը, կարևորել ենք այն, թե ինչ մեթոդով և որքան պետք է ցեղասպանությունից խոսել երեխաների հետ: Ցեղասպանությունը բարդ հասկացություն է, և այդ հասկացությունը դասավանդելու համար երեխան պետք է մտավոր պատրաստություն ունենա: Զանազան թեմաներով երեխային պետք է պատրաստել: Օրինակ, առաջին դասարանում երեխան պետք է սովորի՝ ինչ է արդարությունը, ինչպես կարելի է դժվար վիճակից դուրս գալ, ինչ է կորուստը, ինչպես կարելի է հաղթահարել այն և այլն: Սրանք թեմաներ են, որ փոքր երեխաները կարող են ընկալել: Եվ երբ ապրիլն է գալիս, ուզենք, թե չուզենք, երեխաներն առնչվում են ապրիլի 24-ի, Ծիծեռնակաբերդի հետ:

Արդեն այդտեղ կարելի է իրենց մտավոր պատրաստության մակարդակի սահմաններում խոսել՝ առանց արյունալի, սոսկալի տեսարանների: Մենք զոհի հոգեբանություն չի, որ տալիս ենք երեխաներին. ցեղասպանությունը մեր պահանջատիրության հիմքն է, չէ՞ որ մեր հանդեպ այդպիսի անարդարություն է կատարվել: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, որն ամեն օր կրում է իր վրա այդ անարդարությունը: Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է, դրա համար էլ մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ: Պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք և քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ պետք չէ ատելություն սրսկել»,-ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշել է ձեռնարկի հեղինակը:

Ձեռնարկն, ի սկզբանե  նախատեսված է եղել սփյուռքի հայկական դպրոցների համար. այն  դեռևս 2011 թվականին ՀՀ ԿԳՆ-ի կողմից  երաշխավորվել է գործածության Սփյուռքում՝ որպես ուսումնաօժանդակ նյութ /Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը տեղադրվել է  www.spyurq.dasagirq.am կայքէջում/ :

Ըստ աղբյուրի, 2016թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով լրամշակված ձեռնարկը երաշխավորվել է գործածության ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ որպես ուսումնամեթոդական գրականություն՝ մինչև 2018 թվականը: Ձեռնարկը տպագրվել է և բաժանվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին, այն նախատեսված է կրտսեր և միջին դպրոցում դասավանդող ուսուցիչների և դասղեկների համար: 

Հիմա՝ ինչքանով է հատուկ ձեռնարկ անհրաժեշտ ուսուցիչներին, ովքեր պիտի իրենց մանկավարժական կրթության հետ և մանկավարժություն, և ցանկացած առարկայի հրամցման մեթոդիկա, և հոգեբանություն ու տարիքային հոգեբանություն իմանային:

Եթե համարենք, որ ուսուցիչները իրոք պատրաստված ուսուցիչներ են՝ ապա կարելի է ասել, որ այս ձեռնարկը պարզապես ավելորդ է: Թեպետ ուսուցիչների ձեռնարկ է, բայց Ցեղասպանության թանգարանի  ինտերնետ  նյութերի պարագայում, կարելի է ասել, նման ձեռնարկի անհրաժեշտությունը, այս պահին համենայն դեպս՝ չի երևում: 

genocide-museum.am-ում  ամեն ինչ հավաքել, էլեկտրոնային տարբերակով դրել են ինտերնետում՝  հիմա ո՞ր դարն է, որ նման տեղեկությունների համար ուսուցչի ձեռնարկ տպեն: Եթե ուսուցիչը չի զբաղվում  ինքնակրթմամբ,  ուզում է ձեռնարկ լինի, ուզում է ձեռագիր՝ չի օգնի:

Ի դեպ՝ ուսուցիչների մեթոդ-ձեռնարկների հարցը նույնքան ցավոտ է, որքան դասագրքերի, ու ուսուցիչների ինքնաուսուցման հարցը նույնքան բաց է, որքան և երեխաներին արհեստականորեն նրանց կողմից ամեն բանի համար դեպի ինտերնետ մղելը: 

Իսկ Ցեղասպանության թեմայի մեջ միայն ջարդ ու բռնաբարություն տեսնողներին հիշեցնենք հայերի  հերոսամարտերի մասին, անձուրացության ու ոգու քաջության մասին...

Placeholder