«Հայկական կողմը պետք է ավելի ակտիվ աշխատի». Սերգեյ Մինասյան
Քաղաքական
17:25 06/03/2017
ԼՂՀ

«Հայկական կողմը պետք է ավելի ակտիվ աշխատի». Սերգեյ Մինասյան

Ադրբեջանն անում է հնարավոր ու անհնար ամեն բան՝ խոչընդոտելու արտաքին դերակատարների ներգրավածությունն Արցախում։ Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառի ներկայացուցիչներին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ,  Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով Արցախում աշխատող օտարերկրյա ընկերությունների դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից քրեական գործեր հարուցելու փաստին։

«Իհարկե, այդ երկիրը կփորձի իրավական ինչ-ինչ «հիմնավորումներ» գտնել, արտասահմանյան ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառել, սակայն Ադրբեջանի այս հնարքը կանցնի միայն այն երկրների մոտ, որոնց հետ նա գործարար շրջանակներում շփումներ ու առնչություն ունի։ Նրանք չեն ներվի, իսկ մնացած երկրների վրա Ադրբեջանը շատ քիչ լծակներ ունի, այդ երկրները որևէ խնդիր չեն ունենա»,- նկատեց մեր զրուցակիցը։

Սերգեյ Մինասյանը նկատեց, որ Արցախում աշխատող օտարերկրյա ընկերությունների դեմ քրեական գործեր հարուցելով՝ Ադրբեջանը փորձում է շոշափել միջազգային հանրության զգոնությունը և տեսենլ՝ մինչև երբ իր քմահաճույքները կտանեն։

«Հայկական կողմը պետք է ավելի ակտիվ աշխատի՝ հատկապես այն ընկերությունների հետ, որոնց դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից քրեական գործեր են հարուցվել ։ Այլ լծակներ, որ Ադրբեջանը կդադարի արատավոր գործելաոճը, ուղղակի չկան, միայն հայկական կողմի ակտիվ աշխատանքը»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ մարտի 4‐ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԱԳՆ‐ի տրամադրած տվյալների հիմա վրա քրեական գործ է հարուցել Շվեյցարիան, Բուլղարիան, Ուրուգվայը, Արգենտինան, Ռումինիան և մի շարք այլ երկրներ ներկայացնող ընկերությունների ղեկավարների նկատմամբ, որոնք գործունեություն են ծավալում Արցախում։

Դրանց թվում նշվում են Haik Watch and Jewelry Co‐ն, Rodino Haskovo JIC‐ը, Centro Ceibal‐ը, Deccan Gold Mines Ltd‐ը և Cosmote Romanian Mobile Telecommunications S.A‐ը: Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 1999‐2017 թվականներին նշված ընկերությունների ղեկավարներն ու այլ ներկայացուցչներ քանիցս Հայաստանի կողմից իբրև թե անօրինականորեն խախտել են Ադրբեջանի պետական սահմանը։ 

Placeholder
«Հայկական կողմը պետք է ավելի ակտիվ աշխատի». Սերգեյ Մինասյան