Համայնք-մասնավոր հատված համագործակցությունը նվազ է. վարչապետ
Քաղաքական
11:57 09/03/2017
Հայաստան

Համայնք-մասնավոր հատված համագործակցությունը նվազ է. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարական տվեց համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

«Բազմիցս արձանագրել ենք ՏԻՄ համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չի կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, նվազ է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Այդ հարցերի լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունը, պետք է առաջարկել էապես նոր մոտեցումներ»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին երկասմյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային ու փորձագիտական խմբերի հետ,անհրաժեշտության դեպքում լրամշակել համապատասխան նյութերը և տրամադրել համայնքներին, միաժամանակ, նախարարությանը մարզպետարանի միջոցով խստորեն վերահսկել գործնականում դրանց իրականացումը:

«Մեթոդաբանությունը տվել ենք, հիմա երկասմյա ժամկետում պետք է ինտենսիվ աշխատենք, որպեսզի կարողանանք կիրառական պրոդուկտ ստանալ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
 

Placeholder
Համայնք-մասնավոր հատված համագործակցությունը նվազ է. վարչապետ