Հստակեցվելու են գետերի ցանկը, որոնց վրա արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը
Քաղաքական
11:49 09/03/2017
Հայաստան

Հստակեցվելու են գետերի ցանկը, որոնց վրա արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորմանը:

Վարչապետի խոսքերով՝ ՀՀ-ն կարևորելով շրջական միջավայրի պահպանությունը,  վերականգնվող էներգետիկայի  ոլորտում ներդրումների աճը, քայլեր է կատարում  խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին` ներգրավվելով  ցածր դրույքաչափով վարկային միջոցներ:

Սակայն, ըստ Կարեն Կարապետյանի խոսքի, օրենսդրական, տեխնիկական  և ինստիտուցիոնալ   անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա:

Այդ խնդիրները համակարգելու համար վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին երկամսյա ժամկետում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ, երկրորդ՝ վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության  2011 թվականի հունիսի 30-ի համապատասխան որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները:

Երրորդ՝ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ, հստակեցնել գետերի ցանկը, որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական և այլ առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը:

Չորրորդ՝ համագործակցելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ՝ մշակել ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր:

Հինգերորդ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:

Կարեն Կարապետյանը  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին  էլ հանձնարարեց երկամսյա ժամկետում՝ համագործակցելով գյուղատնտեսության, բնապահպանության  նախարարությունների, ինչպես նաև  Պետական եկամուտների կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ մշակել լրացուցիչ խթանման գործիքներ ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրատարների վրա ՀԷԿ-երի կառուցման համար, երկրորդ՝ ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մատակարարման ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները, վերհանել առկա խնդիրները: «Երրորդ՝ ուսումնասիրել գործող և կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում շահագործողի միջոցներով,  հնարավորության դեպքում նաև դրամաշնորհների ներգրավման ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվության փոխանցման համակարգի ներդրման հնարավորությունները»,- ընդգծեց վարչապետը:

Ինչ վերաբերում է ջրավազանային կառավարմանը՝  Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է արմատապես վերանայել արդեն ընդունված ջրավազանային կառավարման պլանները և քայլեր ձեռնարկել ջրավազանային կառավարման պլանների մշակման հետագա քայլերի վերաբերյալ:

Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց եռամսյա ժամկետում մշակել ջրային հաշվեկշռի ճշգրիտ հաշվարկի մեթոդաբանությունը, ապահովել կիրառական քայլեր մշակող ջրավազանային կառավարման պլաններում համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահանջները ներառելու, այդ թվում` գործողությունների համադրումը Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի, ընթացիկ նախաձեռնությունների և կանխատեսումների համար:

«Մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը վերանայել մինչև այժմ ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի N 4 արձանագրային որոշման համապատասխան մշակված և մշակման փուլում գտնվող կառավարման պլանները և համապատասխանեցնել վերոնշյալ պահանջներին»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 

Placeholder
Հստակեցվելու են գետերի ցանկը, որոնց վրա արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը