Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը առաջնահերթություն է. նախագահ Սարգսյանի հոդվածը «Իզվեստիա» թերթում
Տնտեսություն
11:24 14/03/2017
Հայաստան

Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը առաջնահերթություն է. նախագահ Սարգսյանի հոդվածը «Իզվեստիա» թերթում

Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը երկրի համար առաջնահերթ խնդիրներից մեկն է, հաշվի առնելով, որ մի շարք գործընկերների՝ ներառյալ Միացյալ Նահանգների, Կանադայի և Եվրոպական Միության հետ բարենպաստ առևտրային ռեժիմները Հայաստանի համեմատական առավելություններից են: Այս մասին ռուսաստանյան «Իզվեստիա» թերթում այսօր հրապարակված իր «Անվտանգություն և կայուն ժողովրդավարական զարգացում» վերնագրով հոդվածում գրել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով համապարփակ անդրադարձել է անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և ձեռքբերումներին՝ հատուկ շեշտադրելով ուժեղ և կայացած բանակի ստեղծումը, գործարարության և ներդրումների համար ստեղծված և շարունակաբար կատարելագործվող միջավայրը, Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, որտեղ «Հայաստանը և համանախագահները խոսում են նույն լեզվով»:

«Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են՝ մեր առջև բացելով 180-միլիոնանոց սպառողական շուկա»,-իր հոդվածում գրել է հանրապետության նախագահը, վստահություն հայտնելով, որ ԵՄ, ԱՄՆ, Կանադայի, Շվեյցարիայի և մի շարք այլ երկրների հետ բարենպաստ առևտրային ռեժիմները կարող են խթան հանդիսանալ դեպի Հայաստան աճող ներդրումների համար:

Ըստ նախագահի, այս տարի 1997-ին կնքված հայ-ռուսական մեծ պայմանագրի 20-ամյա տարեդարձին ընդառաջ պետք չէ բավարարվել եղած ձեռքբերումներով, և կողմերը այժմ համատեղ փորձում են նորարարական լուծումներ մատնանշել հետագայում երկուստեք ձեռնտու տնտեսական համագործակցության ընդլայնման համար:

Նախագահը նաև նշել է, որ Հայաստանում 2015-ի Սահմանադրական հանրաքվեից հետո այժմ ընթանում են խորքային քաղաքական բարեփոխումներ՝ որոնք միտված են լիարժեք խորհրդանական կառավարման համակարգ ներդնելուն:

«Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, բաց քաղաքացիական հասարակության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը և արդյունավետ ու թափանցիկ կառավարման համակարգի ձևավորումը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղենիշերն են»,-գրել է նախագահ Սարգսյանը իր հոդվածում:

«Հայաստանի ղեկավարության առջև այսօր ծառացած գլխավոր խնդիրներն են անվտանգության ապահովումը և կայուն ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը», - եզրափակում է նախագահը իր հոդվածում:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի ընթացքում հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Placeholder
Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը առաջնահերթություն է. նախագահ Սարգսյանի հոդվածը «Իզվեստիա» թերթում