Վարչապետ. Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից
Տնտեսություն
12:37 15/03/2017

Վարչապետ. Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից

«Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ծառայությունները ՀՀ տարածքում մատուցվեն որակյալ և անվտանգ, շահագրգռված է, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխուժանա, ներդրումներ գան, աշխատատեղեր ստեղծվեն, բայց մենք ունենք նորմեր և սահմանափակումներ, որոնք երբեք պետք է չխախտենք»: «Սննդամթերքի  անվտանգությունը՝  սպառողի իրավունք» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ  մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Կարեն Կարապետյանը ողջունեց  առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը: Վստահություն հայտնեց, որ դա լավ ավանդույթ կդառնա և կնպաստի ամենատարբեր ոլորտների սպառողների պաշտպանվածության, իրազեկվածության բարձրացմանը:

«Մենք պետք է բավական հետևողական լինենք: Որքան բարձրացնենք մեր քաղաքացիների քաղաքացիական դիրքորոշումը բոլոր ոլորտներում, այնքան շահելու ենք բոլորս: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ մեր սպառողները, հասարակական և այլ պրոֆեսիոնալ  կառույցները համագործակցեն մեզ հետ ամենօրյա ռեժիմով: Կառավարության ծրագրում Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը դիտարկվել է որպես առաջնահերթություն՝ մասնավորեցնելով սննդամթերքի անվտանգության ոլորտը», - ասաց  Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը ռազմավարական խնդիր է համարել Հայաստանի պարենային անվտանգության բարձրացումը և մի շարք գործողություններ նախատեսել այդ ուղղությամբ, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է և արդյունք է տալիս:

«Մեզ համար չափազանց կարևոր է արտադրողների և ծառայություն մատուցողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն թե´ անվտանգության ապահովմանը, թե´ որակի բարձրացմանը՝ բավարարելով սպառողների ամենախիստ պահանջները: Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից, և ակնհայտ է, որ այս հարթության մեջ համագործակցելու, առկա խնդիրները համատեղ վերհանելու և լուծելու հրամայական ունենք», - ասաց կառավարության ղեկավարը:

Սպառողի պաշտպանվածության, սեփական իրավունքների մասին իրազեկվածության և սպառողական գիտելիքների ձեռքբերման առումով Կարեն Կարապետյանը կարևորեց  ՀԿ-ների և ԶԼՄ-ների ակտիվ դերակատարությունը: Նրա խոսքով, անհնար է սպառողի իրավունքները պաշտպանել առանց պետություն-բիզնես-սպառող շղթայի փոխգործակցության:

«Սեփական իրավունքների նկատմամբ ուշադիր և պահանջատեր սպառողը պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և մենք մեծ ակնկալիքներ ունենք դրանից: Համաժողովին մաղթում եմ կառուցողական աշխատանք, մեր սպառողներին՝ անհանդուրժողականություն բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք մեզ հուզում են: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ծառայությունները ՀՀ տարածքում մատուցվեն որակյալ և անվտանգ, շահագրգռված է, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխուժանա, ներդրումներ գան, աշխատատեղեր ստեղծվեն, բայց մենք ունենք նորմեր և սահմանափակումներ, որոնք երբեք պետք է չխախտենք», -նշեց նա:

Placeholder
Վարչապետ. Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից