Ով ուզում է ներկայացուցիչ պահի, ինքը պետք է նրան պահի. վարչապետ
Տնտեսություն
13:07 16/03/2017

Ով ուզում է ներկայացուցիչ պահի, ինքը պետք է նրան պահի. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց որոշման նախագիծ, որի նպատակն է օպտիմալացնել պետական կառավարման համակարգը։

Նախարարի խոսքերով՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել, պարզեցնել ու կրճատել առևտրային կցորդների ներկայացուցիչների, մաքսային կցորդի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչների պահպանման ծախսերի  նախահաշիվների հաստատման գործընթացը:

«Այն այժմ ներկայացված է բարդ համաձայնեցման ընթացակարգով և առաջարկվում է, որպեսզի այն վերապահվի համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին», - ասաց Սուրեն Կարայանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ սա կարևոր գործընթաց է. «Մենք ի՞նչ ենք ասում՝ ով ուզում է ներկայացուցիչ պահի, ինքը պետք է նրան պահի։ Վաղը, մյուս օրը մենք իրեն հարցնելու ենք՝ էդ ներկայացուցչին որ պահում ես, էդքան փող որ ծախսում ես, էդ ներկայացուցչի օգուտը ո՞րն է: Անհասկանալի է, թե ներկայացուցիչները որտեղից են ֆինանսավորվում ու իրենց  գործառույթը որն է: Այդ իսկ պատճառով՝ ՊԵԿ-ը կլինի, Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը կլինի, ԱԳՆ-ն կլինի, հաջորդ բյուջեի ժամանակ պետք է հիմնավորվի՝ էս ծախսը ինչ օգուտ է տվել, ինչին է ծառայել, ինչ պլյուս ունենք դրանից»։

Նրա խոսքերով՝  կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են նրան, որ կառուցվածքը լինի մաքսիմալ ֆունկցիոնալ:

«Կառուցվածքի մեջ յուրաքանչյուր օղակ, յուրաքանչյուր  պաշտոնյա պետք է  հասկանա՝ ինչ է անելու, թե չէ մակրո առումով գլոբալ, գլոբալ ուռում-ուռում ենք, ՊՈԱԿ-ներ և այլն, և այլն», - ասաց Կարեն Կարապետյանը։

 

Placeholder
Ով ուզում է ներկայացուցիչ պահի, ինքը պետք է նրան պահի. վարչապետ