Հայաստանն այն հարթակն է, որը ներդրողներին հնարավորություն է տալիս մտնել շատ մեծ շուկաներ. Կարայան
Տնտեսություն
14:51 16/03/2017
Հայաստան

Հայաստանն այն հարթակն է, որը ներդրողներին հնարավորություն է տալիս մտնել շատ մեծ շուկաներ. Կարայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, նշեց, որ գործընթացն արդեն սկսվել է:

Անդրադառնալով հիմնադրամի կապիտալին, նախարարն ասաց. ««Առաջին փուլում առնվազն 50 միլիոն դոլար իրենց կողմից կտրամադրվի և համարժեք գումարներ նաև մեր կողմից: Այդ գումարներն անընդհատ, կախված ներդրումային ծրագրից, կարող են ավելանալ»:

Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտի 15-ին, Մոսկվայում, համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։
Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի` Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի շրջանակներում:

Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ կան Կարեն Կարապետյանին աջակցություն հայտնած ռուս գործարարներց, որոնք  ներդրումներ էին խոստացել անել Հայաստանում, Սուրեն Կարայանն ասաց, որ այդ հայտարարությունը ստորագրած ընկերությունների ներկայացուցիչները մինչև մարտի վերջ կգան Հայաստան և հայտարարություն կանեն:

Նախարարը նաև հայտնեց, որ Ֆրանսիա կատարած վերջին այցի ընթացքում 2-3 կազմակերպություն արդեն իսկ ցանկություն են հայտնել ներդրումներ իրականացնել դեղագործական, սննդի արդյունաբերության ոլորտներում:

Դիտարկմանը, թե արդյոք օտարերկյա ներդրողներին չի մտահոգում Հայաստանի փակ սահմանները, Սուրեն Կարայանը պատասխանեց. «Հակառակը, օտարերկրյա ներդրողներին Հայաստանը հետաքրքրում է, քանի որ Հայաստանն այն հարթակն է, որը ներդրողներին հնարավորություն է տալիս մուտք գործել շատ մեծ շուկաներ։ Դա Եվրասիական տնտեսական միության շուկան է, որի անդամն ենք մենք, դա այն արտոնյալ ռեժիմներն են, որից մենք  օգտվում ենք, դա Եվրամիության հետ GSP+ ազատականացված ռեժիմն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Հայաստանն այն հարթակն է, որը ներդրողներին հնարավորություն է տալիս մտնել շատ մեծ շուկաներ. Կարայան