Քաղաքագետը՝  ՀՀ նախագահի ՌԴ այցի կարևորության մասին
Քաղաքական
11:50 16/03/2017
Հայաստան

Քաղաքագետը՝ ՀՀ նախագահի ՌԴ այցի կարևորության մասին

«Հանրապետության նախագահի այցը Ռուսաստանի դաշնություն բավականին կարևոր և սպասված այց էր և հանդիպումների բովանդակությամբ, և հայտարարությունների, և այցի ժամանակ արված շեշտադրումների»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ կատարած այցին:

«Բնականաբար, եղել են կոնկրետ պայմանավորվածություններ և ռազմաքաղաքական, և տնտեսական բլոկի, որոնք մշտական շփման, բանակցությունների առարկա են: Բացի դրանից, կոնկրետ արդյունքներից կարելի է համարել երկու նախագահների համատեղ հայտարարությունները, որտեղ բոլոր խնդիրների շուրջ շեշտադրումներ հստակ դրվել են»,- նշեց քաղաքագետը:

Նա հատկապես առանձնացրեց այդ հայտարարությունների հինգերորդ կետը. «Այդտեղ խոսքը գնում է, որ կողմերը շարունակելու են երկկողմ համագործակցությունը և  կարևոր շեշտադրումն այն է, որ հատուկ նշվում է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովումը»:

Մինասյանի խոսքով՝ վերլուծաբանների և քաղաքական գործիչների ուշադրությունից չվրիպեց այն հանագամանքը, որ Պուտինն առանձնահատուկ անդրադարձ էր կատարել նաև ՀՀ-ում ընտրություններին:

«Բացի քաղաքական դաշտին վերաբերող հայտարարություններից կարևոր են նաև տնտեսական, ներդրումային համակարգի հետ կապված պայմանավորվածություններն ու բանակացությունները, որոնք եղան Պուտինի և Մեդվեդևի հետ»,-ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև այն ամենին, ինչի մասին չխոսվեց:

«Որևէ ձևով չտեսանք բացասական անդրադարձ օրինակ՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ավելին նախագահների համատեղ և հայտարարության, և առանձին մամուլի ասուլիսի ժամանակ կարելի է գտնել որոշ դրվագներ, որտեղ խոսվում է նրա մասին, որ կողմերը կշարունակեն համագործակցությունը եվրոպական, միջազգային տարբեր հարթակներում»,-հավելեց Սերգեյ Մինասյանը:

Placeholder
Քաղաքագետը՝ ՀՀ նախագահի ՌԴ այցի կարևորության մասին