Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կան միջադեպեր և չի բացառվում, որ կարող են նորից լինել. Վահրամ Բաղդասարյան
«Չեմ ցանկանում Ջրառատում տեղի ունեցած միջադեպին գնահատականներ տալ, կարծում եմ, որ իրավապահներն այդ գործը մինչև վերջ կտանեն և մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Ջրառատում տեղի ունեցած միջադեպին։
Նա նաև նշեց, որ եթե կան պատվիրատուներ, ապա առաջին հերթին պետք է նրանք պատժվեն:
Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, չկա օր, որ ոստիկանությունում հայտարարություններ չգրանցվեն, իսկ ընտրությունների ժամանակ, բնականաբար, դրանք բոլորը վերագրում են ընտրական պրոցեսներին:
«Իհարկե ես չեմ ցանկանում պաշտպանի դերում հանդես գալ՝ ասելով, որ միջադեպերն ընտրությունների հետ կապ չունեն, կան միջադեպեր և չի բացառվում, որ կարող են նորից լինել։ Համենայնդեպս, մենք պետք է զգոն լինենք ու կարողանանք կանխել ու դատապարտել նման միջադեպերը», - նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նա միաժամանակ ասաց, որ այն «արջի ծառայությունները», որոնք մատուցվում են՝ ստվեր են գցելու այս ընտրությունների որակի վրա։ Ուստի, ըստ Վահրամ Բաղդասարյանի, իրավապահ մարմինները պետք է շատ զգոն լինեն, անմիջապես բացահայտեն ու խստագույնս պատժեն, քանի որ եթե չպատժեն, մարդիկ կարող են առիթից օգտվել։
Դիտարկմանը, թե Ջրառատի դեպքերի հետ կապված հանրապետության համայնքներում ստեղծվել է վախի մթնոլորտ և շատ մարդիկ չեն գնում ընդդիմության հավաքներին հենց նման դեպքերի պատճառով, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե ընդդիմադիրները վախի մթնոլորտին են վերագրում իրենց հավաքներին քիչ մարդ լինելու հանգամանքը։
«Շատ քաղաքական ուժերի նպատակը 5 կամ 7 տոկոսը հաղթահարելն է, դա իրենց ռեսուրսն է, ուստի, եթե հավաքներին քիչ մարդիկ են լինում, դա պետք չէ վերագրել վախի մթնոլորտին: Օրինակ, Լոռվա մարզում, բացարձակապես նման մթնոլորտ չկա: Ինչի՞ց պետք է վախենան, ի՞նչ ունի կորցնելու ժողովուրդը, դրանք պարզապես շահարկումներ են», - ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի՝ «ՕՐՕ» դաշինքին միանալու հայտարարությանը, Վահրամ Բաղդասարյանը ասաց, թե Սեֆիլյանն ինքը պետք է մեկնաբանի՝ ինչ դրդապատճառներով է նման որոշում կայացրել:
Հարցին, թե արդյոք Սեֆիլյանի «ՕՐՕ»-ին միանալը իշխանություններին չի՞ անհանգստացնում, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք բոլոր քաղաքական ուժերին լուրջ ենք վերաբերվում, որևէ ուժի չենք թերագնահատում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրապայքարին, պետք է անհանգիստ լինի, բայց ոչ վախեցած»: