«Մենք միշտ աջակցելու ենք այն երիտասարդներին, ովքեր ունակ են սովորելու աշխարհի լավագույն բուհերում». ՀՀ նախագահ
Կրթություն, գիտություն
21:13 17/03/2017

«Մենք միշտ աջակցելու ենք այն երիտասարդներին, ովքեր ունակ են սովորելու աշխարհի լավագույն բուհերում». ՀՀ նախագահ

Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Հայկական ընդհանուր բարեգործական միության ընդունելությունների դահլիճում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի համայնքի՝ խորհրդի անդամների, մի խումբ կրթաթոշակառուների, շրջանավարտների, ինչպես նաև հիմնադրամի «Ստարտ Արմենիա» 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Լույսի» կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հանդիպման սկզբում համառոտ խոսել է հիմնադրամի վերջին շրջանի ձեռքբերումների, այդ թվում՝ «Ստարտ Արմենիա» մրցույթի նպատակների մասին, որից հետո մրցույթի ժյուրիի անդամները ներկայացրել են հաղթողներին, ովքեր լսարանին պատմել են իրենց ծրագրերի մասին, պատասխանել Հանրապետության Նախագահի և հանդիպման մասնակիցների հարցերին:

Հանրապետության Նախագահը 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողներին հանձնել է մրցանակները, շնորհավորել և մաղթել նորանոր հաջողություններ:

«Ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաստատենք, որ մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքներն օգտակար են և պետք է ծառայեն Հայաստանի զարգացմանը: Անշուշտ, ես շատ ուրախ եմ, որ տասը տարի առաջ նախաձեռնած մեր փորձը հաջողությամբ շարունակվում է, և արդեն հարյուրավոր երիտասարդներ կարողացել են մի կողմից ստանալ լավ ուսում, մյուս կողմից՝ դա կապել Հայաստանի հետ, ձեռք բերել ընկերներ, հաստատել նոր կապեր: Իրոք, ուրախ եմ այս հաջողությունների համար, որ ունենք և կարծում եմ, որ «Լույսի» շրջանավարտների ու ընդհանրապես մեր բոլոր երիտասարդների համար եկել է ամենաիսկական ժամանակը ակտիվորեն մասնակցելու Հայաստանում սկսված բարեփոխումներին, որովհետև ամենից լավ բարեփոխումներ կարող են իրականացնել միայն երիտասարդները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ «Լույս»-ը հավերժ շարունակելու է իր գործունեությունը և մշտապես իր նպաստն է բերելու Հայաստանի զարգացմանը:

«Մենք միշտ աջակցելու ենք այն երիտասարդներին, ովքեր ունակ են սովորելու աշխարհի լավագույն բուհերում, բայց հնարավորություն չունեն: Ունակությունը ձեզնից, հնարավորությունները՝ մեզնից»,-ընդգծել է Նախագահը և նշել, որ ուսյալ մարդկանց, երիտասարդների շնորհիվ է գալու մեր երկրի վերածնունդը:


Placeholder