Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մի քանի օրից ներկայացվելու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» խտասալիկը: Թեև այդ մասին միայն հաղորդագրություն է եղել, բայց եվրոպական մամուլն արդեն անդրադարձել է այդ փաստին: «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ձայնագրել է Մյունխենում գործող հայտնի ECM ընկերությունը: Կատարում են Մյունխենի կամերային նվագախումբն ու Բեռլինի RIAS կամերային երգչախումբը. այն նույն կազմը, որն առաջին անգամ Բեռլինում կատարել է Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը:
Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մաեստրո Մանսուրյանը հանդիպեց դասախոսների և ուսանողների հետ, որի ժամանակ էլ հայտարարվեց «Ռեքվիեմ» խտասալիկի շնորհանդեսի մասին:
Տիգրան Մանսուրյանը ներկայացրեց «Ռեքվիեմ» ստեղծագործություն ստեղծման պատմությունը.
«Իմ ծնողները որբանոցի զավակներ են` Առաջին համաշխահային պատերազմի թոհուբոհի միջով անցած, Եղեռնի միջով անցած: Մեր տանն այդ տարիների զգացողությունը, հատկապես իմ մանկություն տարիներին, շատ կենդանի է եղել: Ես այդ մթնոլորտում մշտապես ապրել եմ: Մայրս շատ բաներ է պատմել: Երբևէ չէի մտածել «Ռեքվիեմ» գրելու մասին: Եղավ մի օր, երբ այդ պահանջը գոյացավ: Այն գրելու համար ինձ պետք էր մի հսկա մշակութային դաշտ բացել՝ կապված այդ ժանրի հետ:
Սկսեցի մի Ռեքվիեմ գրել, բավական առաջ գնաց, բայց այն մի կողմ դրեցի, որովհետև զգացի, որ այն չէ, ինչ պետք է լիներ: Երկրորդ տարբերակի դեպքում՝ նույնը:
Մի օր իմ բարեկամներից մեկը՝ Մյունխենի կամերային նվագախմբի դիրիժորն, ինձ առաջարկեց գրել «Ռեքվիեմ»: Ես, Մյունխենի կամերային նվագախումբն ու Բեռլինի RIAS կամերային երգչախումբ սկսեցինք համագործակցել: Ունեի հրաշալի, նվագախումբ, երգչախումբ, որի հետ շփումն ինձ ապահովում էր թե հայեցի, թե նորագույն երաժշտության երգչախմբային մտածողության տեսակետից:
Երկու տարի աշխատեցի այս գործի վրա, Բեռլինում 2011-ին եղավ պրեմիերան, այնուհետև շատ երկրներում է հնչել: Ինքնուրույն կյանքով գործ եղավ»:
Հանդիպման ժամանակ հնչեց «Ռեքվիեմի»-ից մի հատված, վերջին հատվածը, որը կոչվում է «Գառն Աստծո»: Տ. Մանսուրյանի խոսքով, այսպես են սովորաբար ավարտվում ռեքվիեմները:
«Անկեղծորե պետք է խոստովանեմ, որ խտասալիկը Գերմանիայից ստացել եմ 15 օր առաջ, դեռ չեմ հասցրել լսել: Առաջին անգամ եմ լսում,ձայնագրությունը լավ է արված, բոլոր շերտերը լավ են աշխատում: Առհասարակ քիչ եմ հանդիպում իմ երաժշտությանը, սովորություն չունեմ լսելու իմ երաժշտությունը»,- ասաց կոմպոզիտորը:
Ի՞նչ է նշանակում երաժշտի համար լեզուն, որով ինքը խոսում է:
«Մեծագույն դպրոց է լեզուն՝ հնչողական համակարգը, շեշտադրական համակարգը, իմաստաբանությունը, հոգեբանությունը, բառն իր մեջ ունի ապրված կյանք, կեսափորձ, որ բառ է դառնում: Դարավոր ճանապարհ է անցում: Իհարկե, տարբեր աղբյուրներ կան, որով երաժիշտն անցնելով երաժիշտ է դառնում, հիմքերը տարբեր են, բայց այս ամբողջի մեջ լեզուն բացառիկ դեր ունի, լեզուն որով ինքը խոսում է, մտածում է:
«Ռեքվիեմ»-ի դեպքում իմ խնդիրն էր դիմել լատիներեն տեքստին, որպեսզի ոչ միայն հայերս երգենք, այլ ցանկացած երաժշտական խումբ, որի համար լատիներենով երգելը խնդիր չէ: Տեքստը լատիներեն էր, բայց ես երգում էի հայ երաժշտության ավանդույթի վրա, հայ հոգևոր երաժշտության ավանդույթի վրա, կոմիտասյան ավանդույթի վրա: Ես երգում էի լատիներեն, ինձ թվում էր այդ բառերը հայերեն են»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում