Խոստումներում բազմաթիվ են անիրատեսական դրույթները. տնտեսագետը՝ նախընտրական ծրագրերի մասին
Տնտեսություն
15:00 18/03/2017
Հայաստան

Խոստումներում բազմաթիվ են անիրատեսական դրույթները. տնտեսագետը՝ նախընտրական ծրագրերի մասին

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր Երևանում կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում, որի նպատակն էր հայտնի և առաջատար տնտեսագետների մասնակցությամբ վերլուծել  2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների և դաշինքների նախընտրական խոստումների՝ տնտեսությանը վերաբերող դրույթները:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը  մասնակիցներին առաջարկեց, որ քննարկումը  լինի միմիայն մասնագիտական և որևէ կերպ չկրի քարոզչության կամ հակաքարոզչության բնույթ:  Բացի այդ,  ըստ նրա, որևէ դրույթի մասին  խոսելիս՝ չնշել, թե որ քաղաքական ուժի կողմից է դա ներկայացված, միայն պետք է անաչառ տնտեսագիտական գնահատական տալ, որպեսզի հանրությունը հասկանա, թե որքանով են դրանք իրագործելի:

«Ցավոք սրտի, խոստումներում բազմաթիվ են անիրատեսական դրույթները, դրա համար մեր պարտքն ենք համարում անկողմնակալ , առարկայական քննարկում կազմակերպել  և ներկայացնել մասնագիտական հիմնավորումներ՝ առ այն, թե որոնք են առավել օգտակար և իրականանալի առաջարկները,  խոստումները, և որոնք հասարակության համար խաբկանք են»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: 

Տնտեսագետը նշեց, որ օրինակ, նույն քաղաքական ուժի նախընտրական ծրագրերում կան փոքր և միջին բիզնեսին հարկերից ազատելու առաջարկներ, միևնույն ժամանակ, կան աշխատավարձերը բաձրացնելու դրույթներ: 

«Պարզ է, որ եթե պետական գանձարանում  չկան բավարար եկամուտներ, նման դրույթներն անգամ տնտեսագետ չլինելով՝ կարելի է գնահատել ոչ իրատեսական»,- ընդգծեց  նա: 

Թաթուլ Մանասերյանը նաև հայտնեց, որ  նախատեսում են կազմակերպել ևս մեկ քննարկում, որին կհրավիրեն քաղաքական ուժերի նախընտրական  ծրագրերի հեղինակներին, որոնք կազմել են տնտեսագիտական դրույթները:

«Մեր նպատակն է ձևավորել մշտական գործող պլատֆորմ, որը ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաև տարբեր համապետական ծրագրերին անաչառ գնահատականներ կտան»,- ասաց տնտեսագետը:

Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը  նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ չնայած տնտեսական քննարկում է, սակայն տեղի է ունեցել իրադարձություն, որին իրավունք չունեն չանդրադառնալ .«Ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակը: Նա բարոյականության դաս տվեց մեզ բոլորիս,  իշխանություններին»:

Placeholder
Խոստումներում բազմաթիվ են անիրատեսական դրույթները. տնտեսագետը՝ նախընտրական ծրագրերի մասին