Վարչապետ. Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող
Տնտեսություն
09:01 21/03/2017

Վարչապետ. Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող

Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի քանի գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարել է, վարկերի տոկոսադրույքների հարցը իրեն ևս անհանգստացնում է, քանի որ բարձր տոկոսադրույքը չի նպաստում տնտեսության վերարտադրմանը:

Կարեն Կարապետյանի խոսքով, նախորդ տարվա հոկտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է չորս անգամ:

«Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող: Հենց այն հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»,- ասել է վարչապետը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ վարչապետը կարևորել է   կոոպերցիայի զարգացումը և հավելել, որ ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր:

«Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին,որով  գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով  հանրապետությունով  հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները  շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը:  

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով կառավարության ղեկավարը երեկ եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում:

Placeholder
Վարչապետ. Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող