Երկրի բրենդավորումը շատ ուժեղ կապված է երկրի հեղինակության հետ. Սոլլի Մոենգ
Առողջություն
13:11 22/03/2017

Երկրի բրենդավորումը շատ ուժեղ կապված է երկրի հեղինակության հետ. Սոլլի Մոենգ

«Երկրի բրենդավորման հարցում մեծ դերակատարություն ունի երկրի հեղինակությունը, այսինքն՝ երկրի բրենդավորումը շատ ուժեղ կապված է  երկրի հեղինակության հետ: Պետք է երկրի իմիջը դարձնել գրավիչ, այլապես բրենդավորման հարցում կձախողենք»,-Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ժամանակ ասաց Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող «DonValley» ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգը:

Նրա խոսքով,  շատ կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհում ապրող հայերը լավ խոսեն  Հայաստանի մասին, այնպես, որ մարդկանց մոտ ցանկություն առաջանա գալ այստեղ:

Խոսելով բրենդի նույնականացման և բրենդի միջև տարբերության մասին, Ս. Մոենգն ասաց. «Բրենդի նույնականացումն այն է, ինչի համար ուզում եք, որ ձեզ ճանաչեն, իմիջն այն է, ինչի համար ձեզ ճանաչում են: Այդ երկու հասկացության մեջ պետք է բացը կրճատվի»:

Նա նաև նշեց, որ պետք է շարունակական գործել, հուսալի լինել, որ կրկին ցանկանան վերադառնալ նույն երկիր:

«Մենք պետք է շարժվենք այն սկզբունքով, որ բավարարենք մեր հաճախորդներին: Բացասական փորձ ստացող մարդը երբեք ձեր երկրի մասին լավ բաներ չի ասի»,- ասաց   «DonValley» ընկերության գործադիր տնօրենը:

Նրա խոսքով, երկրի մասնավոր, պետական հատվածները երկրի ներսում, դրսում պետք է կարողանան համագործակցել և  ստեղծել  երկրի դրական իմիջը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին մեկնարկեց WCFDavos/Yerevan երկօրյա  ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան  ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում  ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:

Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում երեկ քննարկումներ են անցկացվել ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության խնդիրների վերաբերյալ:

Placeholder
Երկրի բրենդավորումը շատ ուժեղ կապված է երկրի հեղինակության հետ. Սոլլի Մոենգ