Արձանագրվել է տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում
Առողջություն
19:07 24/03/2017
Հայաստան

Արձանագրվել է տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում

«Տուբերլուլոզի կառավարման առումով մենք Հայաստանում բավական բարվոք վիճակ ենք արձանագրում և՛ նոր դեպքերի հայտնաբերման, և՛ մահացության ցուցանիշների նվազման միտումների առումով»,- առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն  Արմեն Հայրապետյանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզի դեմ պայքարի երաշխավորված վիճակագրություն է համարում  հիվանդության 58 տոկոս հաղթահարումը: Հայաստանը մոտ է այս արդյունքին: Ներկայումս մեր երկրում գրանցվում է տուբերկուլոզի դեպքերի 79,3 տոկոս լիարժեք ապաքինում:

Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ 2016 թվականին գրանցվել է 820 նոր դեպք, 2007-ի 1507-ի փոխարեն: 2016-ին  տուբերկուլոզից մահացել է 48  մարդ: Համեմատական կարգով նշենք, որ 2007 թվականին գրանցվել է այս հիվանդությունից մահացության 175 դեպք:

Մասնագետների ներկայացմամբ` շարունակում է մտահոգիչ լինել այն հանգամանքը, որ երբեմն տուբերկուլոզը համակցված է  ՄԻԱՎ վարակով, ինչը բազմապատկում է բուժման դժվարությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը հիշեցրել է, որ այս տարի ևս ԱՀԿ-ն առաջորդվում է «Միասին վերացնենք տուբերկուլոզը» կարգախոսով՝ միաժամանակ հատուկ ուշադրություն սևեռելով այս հիվանդությամբ տառապողների նկատմամբ խարանի և խտրականության վերացմանը: 

Գայանե Ղուկասյանի ներկայացմամբ` անցած տարի եվրոպական տարածաշրջանում  տուբերկուլոզի 323000 նոր դեպք է գրանցվել, որոնցից 32,000-ը՝ մահվան ելքով: Միևնույն ժամանակ հիվանդության կառավարման և հաղթահարման առումով դրական միտումները ևս նկատելի են:

«Պետք է նկատել, որ դեռևս շարունակում է հիմնախնդիր մնալ ՄԻԱՎ/ ՏԲ համակցված վարակը: Այս մահացու համակցությունը շուրջ 7 անգամ բարդացնում է հիվանդության ընթացքն ու 3 անգամ մեծացնում մահվան վտանգը: Միևնույն ժամանակ շարունակում  է մտահոգիչ մնալ դեղակայուն տուբերկուլոզի գործոնը», - ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը:

 

Placeholder
Արձանագրվել է տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում