Աշոտյան. ՀՀԿ-ի դեմ ուղղորդված հակաքարոզչություն է իրականացվում
Քաղաքական
13:00 28/03/2017
Հայաստան

Աշոտյան. ՀՀԿ-ի դեմ ուղղորդված հակաքարոզչություն է իրականացվում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրման մասին տարածած հաղորդագրությունն ու ձայնագրությունները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը որակում է որպես հակաքարոզչություն իր կուսակցության դեմ:

«Այն աղմուկը, որ բարձրացավ, այն հակաքարոզչությունը, որ եղավ մեր կուսակցության նկատմամբ, ես միումնավոր եմ որակում»,-ասուլիսում հայտարարեց նա:

Աշոտյանի խոսքով, հակառակ դեպքում մինչ աղմուկ հանելը,  կսպասեին պատկան մարմինների արաձագանքին:

Ձայնագրությունների հիման վրա ընտրություններին մասնակցող երեք ուժեր դիմել են ԿԸՀ՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու համար:

«Ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությանը դիտորդական հավատարմագրից զրկելու, քան ՀՀԿ-ին ընտրարշավից զրկելու համար: Նորից եմ կրկնում, մեզ համար ակնհայտ միակողմանի, ուղղորդված հակաքարոզչություն է իրականացրել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը»,-մեկնաբանեց նա:

ՀՀԿ-ական գործիչը վստահություն հայտնեց, որ իրավապահ մարմինները շատ արագ կարձագանքեն խնդրին, որտեղ խախտումներ կան, համոզված է, տնօրենները պատասխանատվություն կկրեն:

«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2013-ին, երբ դեռ կրթության և գիտության նախարար էի, նախագահական ընտրարշավում արձանագրվեցին խախտումներ նաև ռեկտորների մակարդակով, բոլորը ստացան նկատողություն ու խիստ նկատողություն: Այս պարագայում էլ եթե մեղավոր են, պետք է ստանան պատիժ: Եթե մեղավոր չեն, եկեք հասկանանք, ո՞վ է վերկանագնելու նրանց համբավը, ո՞վ է էդ մարդկանց մաքրելու զրպարտությունից, ո՞վ է այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու»,-հարցեր հնչեցրեց ՀՀԿ փոխնախագահը:

Նա կարծիք հայտնեց, որ տասնյակ դեպքերում օրենքի խախտում չկա. «Մինչդեռ նրանց լուսանկարները բռնած քաղաքով մեկ շրջել են, ամոթանք են տվել, զրպրտել են, և ես ուզում եմ հասկանալ, արդյոք մեր երկրում քաղաքացին պե՞տք է պաշտպանված լինի իր քաղաքական իրավունքներն իրականացնելիս, թե՞ ոչ: Թե պետք է պաշտպանված լինի բացառապես ընդդիմադիր քաղաքացին: Իշխանական քաղաքացին չպե՞տք է պաշտպանված լինի միակողմանի պիտակավորումներից, զրպարտությունից»։

Placeholder
Աշոտյան. ՀՀԿ-ի դեմ ուղղորդված հակաքարոզչություն է իրականացվում