Բերդիմուհամեդով. Թուրքմենստանը շահագրգռված  է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացմամբ
Տնտեսություն
13:20 28/03/2017
Հայաստան

Բերդիմուհամեդով. Թուրքմենստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացմամբ

Վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով։ Նման պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ Թուրքմենստանը շահագրգռված  է և կարևորում է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումն ուղղված փոխշահավետ նախագծերի ու ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներում:

«Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ և պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները»,-ասել է Թուրքմենստանի նախագահը: Թուրքմենստանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները հաղորդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին ջերմ ընդունելության համար և իր հերթին Նախագահ Սարգսյանի ողջույնները հաղորդել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

Բարձր գնահատելով հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն չի համապատսախանում տնտեսության ոլորտում առկա համագործակցությանը:

«Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»,- նշել է ՀՀ վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի ու Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար:

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են տնտեսության տարբեր հարցեր: Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների միջև քննարկվող փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել ապրիլին՝ Երևանում, աշխատանքային խմբերի մակարդակով: 

Placeholder
Բերդիմուհամեդով. Թուրքմենստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացմամբ