Աբու Դաբիի ներդրումային համաժողովի արդյունքները
Տնտեսություն
11:35 29/03/2017
Հայաստան

Աբու Դաբիի ներդրումային համաժողովի արդյունքները

«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի արդյունքում արևային էներգետիկայի ոլորտում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին հուշագրից բացի, ստորագրվել է ևս երեք հուշագիր՝ հիդրոէներգետիկ և գյուղատնտեսական նախագծերի իրականացման նպատակով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես  «Հիդրո Կորպորացիա» ընկերությունների խմբի և «Estekshaf Investment Company»-ի միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամաշտաբ և երկարաժամկետ ծրագրերի իրականացում: Նպատակը ցածր արտադրողականություն և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված  փոքր ՀԷԿ-երի արդիականացումն է:

«Թամարա Ֆրութ» ՓԲԸ և «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերության միջև կնքվել է բացառիկ պայմանագիր՝ արաբական վեց երկրներում 5 աստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցային համալիրներին օրգանական սնունդ մատակարարելու վերաբերյալ։ Առաջին խմբաքանակի արտահանումը նախատեսվում է 2017 թ. ապրիլի առաջին տասնօրյակում։ Հայ-Էմիրաթական գործարար միությունը և «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերությունը կնքել են հուշագիր՝ Հայաստանում օրգանական սննդի վերամշակման կենտրոնի բացման վերաբերյալ։

Ներդրումային համաժողովի ընթացքում կայացել են նաև գործարար հանդիպումներ (B2B) հայկական և արաբական մինչև 100 ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Անցկացվել է հայկական ապրանքների համտես, որին ներկայացվել են բնական աղբյուրի ջրեր, օրգանական հյութեր, կոմպոտներ, մրգային պահածոներ, մեղր, շոկոլադ, չրեր, թարմ մրգեր արտադրող ավելի քան 10 ընկերության արտադրանք։
 

Placeholder
Աբու Դաբիի ներդրումային համաժողովի արդյունքները