Լարսին այլընտրանք կարող է լինել և ավիափոխադրումը, և լաստանավով փոխադրումը. նախարար
Քաղաքական
14:22 29/03/2017
Հայաստան

Լարսին այլընտրանք կարող է լինել և ավիափոխադրումը, և լաստանավով փոխադրումը. նախարար

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու քննարկումները դեռ ընթացքի մեջ են և արդյունքների դեպքում անպայման կհրապարակվեն,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Վրացական կողմից ստացվել են բավականին լավ պայմաններ, իսկ ռուսական կողմը զեղչեր է սահմանել: Լարսին այլընտրանք կարող է լինել և ավիափոխադրումը, և լաստանավով փոխադրումը: Այսօր կազմակերպված է լաստանավի փոխադրում և այդ տարբերակը որոշ ապրանքների դեպքում ավելի մատչելի է»,-նշեց Վահան Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է հայ-իրանական երկաթգծի կառուցմանը՝ նշեց, որ այն ևս քննարկման փուլում է. «Կա գործող կոնցեսիոն պայմանագիր մի ընկերության հետ, որի շրջանակներում մենք քննարկումներ ենք ծավալում ներդրողների և կոնկրետ այդ ընկերության հետ: Համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում առաջընթաց կնկատվի այդ ուղղությամբ»։

Լրագրողները Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից. «Երևան-Արտաշատ հատվածում երկկողմանի երթևեկությունը կկարգավորվի մայիս-հունիս ամիսներին: Երթևեկության կարգավորումից հետո կշարունակվեն կամուրջների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքները»։

Անդրադառնալով ճանապարհի շինարարության հետ կապված դժգոհություններին՝ նախարարն ասաց, հատվածներ կան, որոնք նախատեսված ժամկետից հետ են մնացել: Նաև նշեց, որ այդ ուղղությամբ աշխատում են կապալառուների հետ։

Placeholder
Լարսին այլընտրանք կարող է լինել և ավիափոխադրումը, և լաստանավով փոխադրումը. նախարար