Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սկսնակ ՏՏ ընկերություններն ու անհատները ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն կունենան
Տեղեկատվական տեխնոլոգիաների սկսնակ ստարտափ ընկերություններն ու անհատները իրենց գաղափարները կյանքի կոչելու համար ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն կունենան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ստարտափ ընկերությունները, որոնք դեռ գաղափարի փուլում փորձում են ինչ-որ բանի հասնել, հանդիպում են մեծ դժվարությունների, առաջին հերթին ֆինանսական բարդությունների: Մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ կարելի է ստեղծել սկսնակ գաղափարներն ու նախագծերը ֆինանսավորող մի փոքրիկ ընկերություն, որը ժամանակի ընթացքում կարող է դառնալ հիմնադրամ»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, կան «բիզնես հրեշտակ» կոչվող ընկերություններ, որոնք պատրաստ են ֆինանսավորել այն գաղափարները, որոնք առաջանում են ՏՏ-ով զբաղվող երիտասարդների ու ընկերությունների մոտ:
«Այսօրվա դրությամբ նախնական ֆինանսական մասը կազմելու է 200 հազար դոլարի մոտ, որը աճման տեմպեր է ունենալու կախված գաղափարներից: Հիմնադրամը բաց է լինելու բոլոր ընկերությունների և ֆիզիկական անձանց համար, ովքեր կցանկանան մասնակից դառնալ դրան»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:
Հանդիպմանը ներկա գործարար Արա Յաղջյանը, ով մասնակից է ստեղծվող ֆինանսական ընկերությանը, նշեց, որ սա առաջին քայլն է, երկրորդը կարող է դառնալ միջազգային ֆորմատի «բիզնես հրեշտակիների» ակումբը. «Այնտեղ մի քանի ընկերություն կամ անհատներ հավաքվում են և իրենց ազատ միջոցները հնարավորություն են ունենում ներդնել տարբեր գաղափարների մեջ և ստանալով համապատասխան ներդրումների ինչ-որ փայաբաժին: Այսօր ես և իմ գործընկեր Էդուարդ Մարությանը միացել ենք այդ գաղափարի շուրջ և պատրաստ ենք 200 հազար դոլարի ներդրում կատարել: Հետագայում այդ ներդրումները կաճեն՝ ստեղծելով «բիզնես հրեշտակների» ակումբ կամ ներդրումային մասնավոր հիմնադրամ»:
Գործարար Էդուարդ Մարությանը տեղեկացրեց, որ մինչև ապրիլի 13-ը կարող են ներկայացնել բոլոր գաղափարները, իրենք առաջին փուլի համար կֆինանսավորեն 10 նախագիծ. «Բացի ֆինանսականից, ընկերությունները նաև կստանան խորհրդատվական աջակցություն: Ընտրությունը կատարելու է ստեղծված համապատասխան խորհուրդը՝ երեք հիմնական ուղղությունների միջոցով՝ գիտելիքները, գաղափարները և թե ում վրա է տարածվելու գաղափարները»։
Նախարար Վահան Մարտիրոսյանը հավելեց, որ ֆինանսական ռիսկն ամբողջությամբ ներդրողները վերցնում են իրենց վրա, փոխարենն ըստ պայմանավորվածության ստանում բաժնեմասերից որոշ չափ: