ՄԻԵԴ նոր վճիռով  Հայաստանը պետք է վճարի 3600 եվրո
Իրավունք
19:38 30/03/2017

ՄԻԵԴ նոր վճիռով Հայաստանը պետք է վճարի 3600 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ՝ արդար դատաքննության իրավունք, և 13-րդ՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, հոդվածների խախտումը։

Վճռով Հայաստանը պարտավորվում է վճռի հրապարակումից հետո 3 ամսվա ընթացքում հայցվորին վճարել 3600 եվրո՝ պատճառված ոչ նյութական վնասի համար։

Գործը կապված է գումարային  պահանջի հետ, որով առկա է Հայաստանի դատարանների 3 վճիռներ՝  2005, 2007,  2008թթ․-ներին։ 

Հայցվորը ՀՀ դատարաններից պահանջել է պատասխանող Կ-ից գանձել որոշակի գումար։ Դատարանը բավարարել է հայցվորի պահանջը, սակայն  դատարանի վճիռները պատշաճ չեն կատարվել։

Նշվում է, որ միայն 2012թ․-ի փետրվարի 10-ին պատասխանող Կ-ն Հարկադիր ծառայություն է ներկայացրել անդորրագիր՝ գումարի վճարման վերաբերյալ։

ՄԻԵԴ-ը գտել է, որ օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարվել պետության կողմից բավարար քայլեր չձեռնարկելու արդյունքում:

Ինչպես նշվում է վճռում, հայցվոր Ավանես Ավաքեմյանը դիմել էր ՄԻԵԴ 2009թ․-ի հուլիսի 11-ին՝  հենվելով Կոնվենցիայի 34-րդ հեդվածի վրա։ Հայցվորը պահանջել էր 25 հազար նյութական վնասի և 5000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում։

ՄԻԵԴ-ը մերժել է հայցվորի 25 հազար եվրոյի պահանջը, քանի որ այն հայցվորն արդեն ստացել է։

Գործը ՄԻԵԴ է ներկայացրել Ավաքեմյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Placeholder
ՄԻԵԴ նոր վճիռով Հայաստանը պետք է վճարի 3600 եվրո