Դավիթ Բաբայան. Սա, ավելի շուտ, դը Վաալի անձնական մոտեցումն է
Քաղաքական
18:23 29/03/2017
ԼՂՀ

Դավիթ Բաբայան. Սա, ավելի շուտ, դը Վաալի անձնական մոտեցումն է

«Անցած տարին շատ վտանգավոր էր, դիտարկվում էր լարման մի շարք հնարավորություններ: Այս տարին նույնիսկ կարող է լինել ավելի վտանգավոր»,-նման հայտարարություն արել էր կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմ դը Վաալը՝ «Մեդիա կենտրոնում» կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով քննարկմանն ժամանակ: 

Նրա խոսքով, կարելի է ենթադրել շատ ավելի լուրջ սպառազինության գործադրում: Սրան հակառակ, նկատենք, որ վերջերս հայ քաղաքագետները սկսել են պնդել, թե սրացումներ առանձնապես չեն սպասվում: Panorama.am-ը թեմայի առնչությամբ զրուցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

Panorama.am- Ինչո՞ւմն է  նման մոտեցումների տարբերությունը:
Դավիթ Բաբայան.-Ընդհանուր առմամբ, մենք հաշվի ենք առնում բանակի գործոնը և կարծում, որ Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն  ցանկացած պահի կասեցնել հակառակորդի ոտնձգությունները։ Ամեն ինչ կախված է մեր պատրաստվածությունից։ Որքան ավելի հզոր լինենք, այնքան ավելի քիչ է հակառակորդը դիմելու արկածախնդրության։

Panorama.am. - Թոմ դը Վաալի կարծիքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք  է վերադառնա իր դիրքեր, նշանակո՞ւմ է արդյոք, որ կառույցը շեղվել է իր ուղուց:
Դավիթ Բաբայան.- Սա, ավելի շուտ, դը Վաալի անձնական մոտեցումն է: Ուղուց շեղվել է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ Ադրբեջանը։ Այդ երկրին պետք է մտցնել կառուցողական հուն, քանի որ նա է բազմիցս խախտել հակամարտության կարգավորման ընդունված ձևաչափերը, հայտարարել, որ պետք է հրաժարվել Մինսկի խմբի մատուցած ծառայություններից։ Ադրբեջանն է, որ բռնապետական-բարբարոսական պետություն է, որը խախտում է մարդու իրավունքները, ոտնահարում ժողովրդավարական նորմերը։

Panorama.am.-Արդյոք կիսում եք բրիտանացի փորձագետի այն տեսակետը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փաստացիորեն  հանձնառություն չի վերցնում միջնորդական աշխատանքի  լիարժեք իրականացման համար:
Դավիթ Բաբայան.- ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում անձերից պետք է վերանալ։ Անձերի խնդիր կա Ադրբեջանում։ Օրինակ, եթե այդ երկրի նախագահն ու փոխնախագահը չլինեին Իլհամ Ալիևն ու իր կինը, Ադրբեջանը գուցե ա՞յլ կերպ զարգանար։ Կարգավորման գործընթացում անձերից, կոնկրետ դեպքում՝ Լավրովից, քիչ բան է կախված։ Կա ընդհանուր մոտեցում, որն էլ իրականացնում են եռանախագահող երկրների պաշտոնյաները:

Placeholder