Դատախազություն. Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 54 հաղորդում
Իրավունք
13:51 31/03/2017
Հայաստան

Դատախազություն. Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 54 հաղորդում

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը  շարունակում է ուսումնասիրել 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների  նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած ընտրական իրավախախտումների վերաբերյալ  մամուլի հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում):

Աշխատանքային խումբը 31.03.2017թ. դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 221 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 54-ը:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այդ 54 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ:

Դատախազների կողմից հսկողություն է իրականացվում այդ դեպքերի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման նկատմամբ, ապահովվում է դրանցով անհրաժեշտ գործողությունների իրականացումը:

Հրապարակումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ են ուղարկվել տեղեկատվությունը հանրայնացնող սուբյեկտներին:

Պարտադիր կերպով բացատրություններ են վերցվել բոլոր այն անձանցից, ովքեր, ըստ հրապարակման բովանդակության, կարող են տեղեկություններ ունենալ ստուգվող դեպքի վերաբերյալ: Միաժամանակ բոլոր դեպքերով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ըստ աղբյուրի, վերը նշված 54 հաղորդումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են:

«ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ գրանցված կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններին, ընտրական իրավախախտումների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկատվությունը հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն՝ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով: Հիշեցնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործում է թեժ գիծ՝ 511-603 հեռախոսահամարով, որը քվեարկության օրը գործելու է շուրջօրյա: Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Placeholder
Դատախազություն. Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 54 հաղորդում