Մինասյան. «ԵԼՔ» դաշինքի արդյունքներն ու հեռանկարները
Քաղաքական
13:26 03/04/2017
Հայաստան

Մինասյան. «ԵԼՔ» դաշինքի արդյունքներն ու հեռանկարները

ԿԸՀ-ն հրապարակել է ապրիլի 2-ին կայացած քվեարկության արդյունքներն՝ ըստ տեղամասերի, որոնցից դատելով կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ արդյունքներ ունեն կուսակցություններից յուրաքանչյուրը և ինչի կարող են հավակնել:

Այսպես, «ԵԼՔ» դաշինքը, որ ստացել է 121 652 քվե կամ ձայների 7.78%-ը, հաղթահարել է նվազագույն շեմը և ապագա խորհրդարանում կձևավորի խմբակցություն: Ենթադրվում է, որ դաշինքը կստանա 8 մանդատ, որոնցից 4-ը համապետական ցուցակից, 4-ը՝ տարածքային ցուցակներից:

Հիշեցնենք, որ դաշինքի համապետական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են Էդմոն Մարուքյանը, Արամ Զ. Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը, Խաչատուր Սիմոնյանը:

Հատկանշական է, որ դաշինքի լիդերները առաջատար են նաև տարածքային ցուցակներում: Այսպես, ամենաշատ քվեները ստացել է Նիկոլ Փաշինյանը՝ 11 513 ձայն, Սասուն Միքայելյանը՝ 6 652 ձայն, Էդմոն Մարուքյանը՝ 6 123 ձայն, Մանե Թանդիլյանը՝ 5 110 ձայն:

Ինչ վերաբերում է տարածքային ցուցակներին, ապա արդյունքները կախված են տարբեր ընտրատարածքներում դաշինքի ստացած քվեներից: Այսպես, ամենաշատ ձայները «Ելքը» ստացել է Երևանի տարածքի 2-րդ՝ 19 204 ձայն, 4-րդ՝ 17 036, 3-րդ՝ 16 857, 1-ին՝ 16 034 ձայն, Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 և Լոռվա մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքներում, համապատասխանաբար՝ 12 190 և 11 793 քվեներ: Ակնհայտ է, որ հենց այս 6 տարածքներում քվեարկված առաջատար թեկնածուները կարող են հավակնել մանդատների:

Ակնհայտ է, որ դաշինքը ընտրության հնարավորություն ունի մանդատները բաշխելու հարցում, քանզի լիդերները կարող են իրենց բաժինը ստանալ թե համապետական, թե տարածքային ցուցակներից: Ըստ այդմ՝ նրանց որոշումը կարող է ազդել կուսակցական գործընկերների հետագա կարիերայի վրա: 

Ըստ ամենայնի՝ տարածքային չորս մանդատնեըր դաշինքը կստանա Երևանն ընդգրկող չորս ընտրատարածքներից: 1-ինում առաջատարը Մանե Թանդիլյանն է 5 110 ձայնով: Եթե նա օգտվի հնարավորությունից, և մանդատ ստանա համապետական ցուցակով, ապա այս տարածքի առաջատար կդառնա Հովիկ Աղազարյանը, ով ստացել է 2 620 ձայն:

2-րդ ընտրատարածքում առաջատարը Գևորգ Գորգիսյանն է, ով ստացել է 3 107 ձայն: Վերջինս համապետական ցուցակում 17-րդն է: Այս տարածքում երկրորդ ցուցանիշն ունի Հարություն Բաբայանը՝ 2 180 ձայն:

3-րդ ընտրատարածքի առաջատարը Արարատ Միրզոյանն է՝ 3 999 ձայնով: Համապետական ցուցակում նա 19-րդն է: Ընտրատարածքում երկրորդ ցուցանիշն ունի Արայիկ Հարությունյանը՝ 3 904 ձայն:

4-րդ ընտրատարածքում առաջատարը Նիկոլ Փաշինյանն է: Իսկ երկրորդը՝ 1 870 ձայնով  Ալեն Սիմոնյանն է: Եթե Փաշինյանը մանդատ ստանա համապետական ցուցակով, ապա հենց Ալեն Սիմոնյանը տարածքայինով կդառնա պատգամավոր:

Ի դեպ, թեև Ալեն Սիմոնյանը դաշինքի ամենաճանաչելի դեմքերից է, նա 108 թեկնածուների մեջ իր ցուցանիշով 14-րդն է: Էլ ավելի վատ արդյունք է արձանագրել Արամ Սարգսյանը. Սյունիքի մարզում ստանալով ընդամենը 520 ձայն, ինչը դաշինքի թեկնածուների շրջանում 48-րդ ցուցանիշն է:

Իմի բերելով՝ կարելի է ենթադրել, որ 8 մանդատ ստանալու դեպքում դաշինքից պատգամավոր կդառնան Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Արարատ Միրզոյանը, ինչպես նաև հնարավոր է մանդատ ստանան Սասուն Միքայելյանն ու Արտակ Զեյնալյանը, և Հովիկ Աղազարյանն ու Ալեն Սիմոնյանը:

Արմեն Մինասյան, քաղաքագետ

Placeholder