Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել
Հասարակություն
01:58 02/04/2017
Հայաստան

Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել

Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Ալբերտ Հովհաննիսյանի մտքում դեռ ապրիլյան պատերազմն է ու այդ պատերազմում կորցրած ընկերները:

21-ամյա Ալբերտը Գեղարքունիքի մարզից է: 2014 թվականին ավարտելով առաջին կուրսը` կիսատ է թողնում ուսումը և ծառայության է անցնում Հադրութի շրջանում՝ որպես կապավոր:

Զորամասի լավագույն կապավորի ծառայությունը նորմալ ու հանգիստ ընթանում էր մինչև ապրիլի 2-ը:

Ապրիլյան պատերազմից ու իր արածից քիչ է խոսում, բայց դրա փոխարեն պատմում է մարտի դաշտում կորցրած ընկերների, նրանց խիզախությունների մասին:

«Ապրիլի 1-ի գիշերը ես կապի հերթապահ էի զորամասում: Երբ տագնապը տվեցին, սկզբում կարծեցինք, թե սովորական ուսումնական տագնապ է, սակայն 6:30 սահմաններում մեր զորամասի վրա հակառակորդի հրետանու հարվածից հասկացանք, որ սովորական բան չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ալբերտը:

Նրա խոսքերով՝ տանկային վաշտերը միանգամից ուղղվել են դեպի 9-րդ պաշտպանական շրջան:

«Հրամանատարի տեղակալը հարցրեց, թե ով է ուզում դիրքեր գնալ, առաջինը ես ցանկություն հայտնեցի: Այդ ժամանակ զուտ հետաքրքրություն էր, ու հրամանատարի տեղակալի  հետ գնացինք պաշտպանական շրջան»,- ասում է Ալբերտը:

Մի քանի վայրկյան դադարից հետո շարունակում է. «Բենիամին Եղոյանն այնտեղ էր: Նա տանկային դասակի հրամանատարն էր, շատ էր ուրախացել, որ իսկական պատերազմի պետք է մասնակցի: Այդ ժամանակ հրամանատարը կապ տվեց, թե ով կարող է առաջ գնալ, Բենիամինը՝ Մոնթեն առաջիններից էր, որ ցանկություն հայտնեց գնալու և գնացին: Նրա հետ էին նշանառու օպերատոր Վլադիմիր Ալիխանյանը,  Տիգրան Աբգարյանը»:

Ալբերտը հիշում է, որ Մոնթեի «դուխը» նաև մյուսներին էր փոխանցվել. «Մոնթեն անընդհատ ուզում  էր առաջ գնալ ու երբ հրաման ստացավ, անմիջապես գործի անցավ: Ադրբեջանական մեկ տանկ ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջան, այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե էսպես մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ: Հաջորդը օրը Մոնթեն իր տանկով նորից  բարձրացավ այդ դիրքը, սկզբում նշան բռնեց, որ կրակի, բայց չկրակեց: Հակառակորդն այդ դիրքում իր դրոշն էր դրել, տանկիստներն առաջ գնացին, տանկով բարձրացան  դրոշի վրա, հողին հավասարացրեցին ու հետ եկան: Երբ հարցրեցինք, թե ինչի չխփեցիր, պատասխանեց՝ դիրքին մոտիկ խաչ կար, վախեցա խաչին կկպնեմ: Ինքը շատ դուխով, հայրենասեր մարդ էր:  Ես հպարտ եմ, որ իրան ճանաչել եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր հետ շփվել»,- ասում է Ալբերտը:

Ապրիլյան պատերազմի մասնակիցը հիշում է, որ հաջորդ առավոտյան Մոնթեն նորից իր անձնակազմի հետ առաջ է գնում: «Իմ ընկերները հետ չեկան:

Նրանց տանկի  խոցվելուց հետո աննկարագրելի ցավ էի ապրում, կորցրել էինք՝ Մոնթեին, Տիկոյին ու Դիլոյին՝ Վլադիմիրին: Պատերազմը դաժան բան է»,- նշում է Ալբերտը:

Իր կատարած քայլերի մասին էլ շարունակում է լռել, միայն ասում է, որ հրապարակման ենթակա չէ ու նորից հիշում է իր մարտական ընկերներին. «Ապրիլի 3-ն էր, մոտս սիգարետ չկար, գնացի Բենոյից ուզեցի: Տանկի վրա կանգնած էր, սիգարետը տվեց  ու էդ պահին ուղղակի ասացի՝ զգույշ կլինես: Բենոն գրկեց ինձ, համբուրեց ու ասաց՝ ինչ լինելու է, կլինի: Ուզում ես հիմա գնամ Երևան, բայց եթե այսօր իմ վերջին օրն է, ուրեմն ոչինչ չես փոխի: Ինքը, կարծես թե զգար: Իսկ գնալուց առաջ բոլորին ձեռքով արեց, ասես հրաժեշտ էր տալիս: Դրանից հետո նրանց տանկը խոցվեց»:

Ալբերտի խոսքերով՝  պատերազմը մեծ հետք է թողել իր վրա, միաժամանակ շատ բան սովորեցրել: Հիմա լավ է հասկանում կյանքի, հայրենիք ասվածի, խաղաղության իմաստը: «Կյանքին այլ հայացքով եմ նայում, բանակից առաջ բազմաթիվ երազանքներ ունեի, իսկ հիմա նպատակներ եմ դնում  ու փորձում  առաջ գնալ: Ուզում եմ նորմալ աշխատանք ունենալ, իսկ դրանից հետո արդեն մնացածը կաշխատեմ  իրականություն դարձնել»,- ասում է Ալբերտ Հովհաննիսյանը:

 

Placeholder