ԵԱՀԿ դիտորդական առաքելություն. Ընտրությունները լավ էին կազմակերպված
Քաղաքական
14:54 03/04/2017
Հայաստան

ԵԱՀԿ դիտորդական առաքելություն. Ընտրությունները լավ էին կազմակերպված

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Կարճաժամկետ դիտորդների ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ կոորդինատոր և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը:

«Ազատություններն ընդհանուր առմամբ հարգվեցին, քվեարկությունն ընդհանուր առմամբ հանդարտ ու խաղաղ է եղել, նկատվել են կազմակերպչական խնդիրներ ու անհարակի միջամտություններ գործընթացի նկատմամբ հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»,-ասաց նա:

Իգնասիո Սանչես Ամորի խոսքով, ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքի վերաբերյալ վստահության արժանի, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների, լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին տեղեկությունները, ինչի հետևանքով նկատվել է հանրային վստահության պակաս:

«Երեկվա ընտրությունները առաջին քայլն էին  Հայաստանում նոր կառավարման համակարգ կառուցելու ճանապարհին, սակայն փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում»,-ասաց առաքելության ղեկավարը:

Նրա խոսքով, բարեփոխումներ իրականացնելու համար քաղաքական ուժերին անհրաժեշտ է  հասունություն ցուցաբերել և հրաժարվել անցյալի գործելակերպերից:

«Մենք այս նախնական եզրակացություններին հասել ենք երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքում»,-ասաց նա` ավելացնելով, որ առաքելությունը կառուցողականորեն աշխատել է իշխանությունների հետ, ովքեր հաշվի են առել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի,  ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովի մի շարք նախկին հանձնարարականները:

«Դա արժանի է դրվատանքի: Իրավական դաշտն ամբողջական է, և ձևավորվել է իրավական բարեփոխումների գործընթավի արդյունքում»,-ասաց նա:

Հիշեցնենք, ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում են մոտ 450 դիտորդներ 42 երկրներից, այդ թվում` ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված 340 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, ԵԱՀԿ ԽՎ-ի 66 խորհրդարանականներ և աշխատակազմի անդամներ` 24-ը ԵԽԽՎ-ից և 13-ը ԵԽ- ից:

Placeholder
ԵԱՀԿ դիտորդական առաքելություն. Ընտրությունները լավ էին կազմակերպված