Փոխնախարար. Ուշ ծաղկմամբ պայմանավորված ծիրանենու ցրտահարության վտանգը քիչ է
Տնտեսություն
13:34 07/04/2017
Հայաստան

Փոխնախարար. Ուշ ծաղկմամբ պայմանավորված ծիրանենու ցրտահարության վտանգը քիչ է

Ծիրանենիներն այս տարի նախորդ տարվա համեմատ մոտ 20-25 օր ուշ են ծաղկել: Պատճառը ձմռան ձգձգումն էր: Գյուղատնտեսները գնահատում են, ոչ թե ուշ են ծաղկել, այլ ճիշտ ժամանակին:

«Բնականոն գարուն է  գալիս: Անցած տարի շուտ բացվեցին, բացասական հետևանքներ եղան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով,  ուշ ծաղկմամբ պայմանավորված ցրտահարության վտանգն էլ որոշակիորեն նվազել է:

«Անցած տարի մարտի 10-ից սկսած ծիրանենին ինտենսիվ ծաղկել էին: Հիշում եք, որ մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում դիտվեց ցրտահարություն: Այս տարի հանրապետությունում ծիրանենին ծաղկել է Իջևանում ու Սյունիքում, հիմա բուռն ծաղկման շրջան է Արարարտյան դաշտավայրում՝ հատկապես Սուրենավանից Մասիս ընկած բնակավայրերում»,-ասաց փոխնախարարը:

Հարությունյանի խոսքով, եթե եղանակը կտրուկ չփոփոխվի, ապա ցրտահարության վտանգ չկա:

«Այս պահի դրությամբ իմ ձեռքի տակ են երեկվա կանխատեսումները: Կարծում եմ, այդ իջեցումը վտանգ չի ներկայացնում»,-ասաց Ա. Հարությունյանը:

Շատ կարևոր է, թե ծաղկումն ինչ փուլում է: Մասնագետի խոսքով, օրինակ ծաղկած ժամանակ վտանգավոր է -2 աստիճանը:

«Բայց անցած տարի ունեցանք, -4- -5 աստիճան ցուրտ, եղան բնակավայրեր, որ ծիրանենիները բերք տվեցին: Այսօր դեռ ամբողջությամբ ծաղկած չեն: Հույս ունենք, որ չի լինի այնքան բացասական աստիճան, որ ազդի բերքի վրա»,-ասաց նա:

 

 

Placeholder
Փոխնախարար. Ուշ ծաղկմամբ պայմանավորված ծիրանենու ցրտահարության վտանգը քիչ է