Փառատոն՝ ուղղված հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացմանը
Տնտեսություն
13:27 07/04/2017
Հայաստան

Փառատոն՝ ուղղված հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացմանը

«Զբոսաշրջության Զարգացման Հիմնադրամ»-ը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մայիսի 7-ին Ծաղկաձորում կկազմակերպի «Կոնյակի փառատոն»: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կոնյակի փառատոն» ծրագրի ներկայացուցիչ Արա Խզմալյանը, փառատոնի նպատակն է՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:

Նրա խոսքերով՝ նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են:

«Այսօր մեծ կարևորություն է տրվում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից է»,- ասաց Արա Խզմալյանը:

Ըստ նրա՝  վերջերս Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը, որի նպատակն էր  բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է  հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների և ոգելից խմիչքների համտես:

«Այժմ մենք ներկայացնելու ենք Հայաստանի ամենամեծ արտադրանքը՝ կոնյակը, որի օգնությամբ զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրենք Հայաստանի վրա»,- ընդգծեց նա:
Նշվեց նաև՝  ամեն ինչ անելու են, որ փառատոնն անցնի բարձր մակարդակով և ընդլայնվի հետաքրքվողների շրջանակը:

«Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, որ առհասարակ, կոնյակագործությունն այն ոլորտներից է, որն իսկապես կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին, որոնք կգան Հայաստան, կծանոթանան և երկրին, և հայկական կոնյակի ավանդույթներին:

«Մենք սպասում ենք մեծ թվով զբոսաշրջիկների՝ հատկապես Ռուսաստանից, քանի որ ՌԴ քաղաքացիներն  իրենց ներքին անձնագրերով կարող են գալ Հայաստան: Փառատոնի թիրախային շուկան հիմնականում ՌԴ-ն է, ընդհանուր առմամբ,  ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի 25 հազարից ավելի մարդ»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Իսկ թե ինչու են փառատոնի անցկացման վայր ընտրել Ծաղկաձորը, «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի նախագահն ասաց, որ այստեղ կան մեծ թվով հյուրանոցներ, Ծաղկաձորը ռուսների կողմից ճանաչված է՝ որպես ձմեռային զբոսաշրջության կենտրոն:

Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ փառատոնի համար պատվիրվել են հատուկ տաղավարներ, որոնք համապատասխանում են փառատոնների անցկացման չափանիշներին: Նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցեն  կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություններ:

Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ  նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա: 

Placeholder
Փառատոն՝ ուղղված հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացմանը