Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությունում արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր
Սպորտ
13:15 10/04/2017
Հայաստան

Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությունում արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները Խորվաթիայի Սպլիտ քաղաքից այս գիշեր վերադարձան Երեւան: Նրանք մասնակցում էին Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

ՀԱՕԿ լրատվականը «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց է վարել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում տղաների և աղջիկների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, նա ասել է. «Գլխավոր խնդիրը կատարված է: Ինչի համար մեկնել էինք, արվեց: Փորձարկեցինք նաև երիտասարդ մարզիկների: Ծանրորդները մեդալներ նվաճելու համար օգտագործեցին բոլոր հնարավորությունները: Արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր»:

Պատասխանելով հարցին, թե Անդրանիկ Կարապետյանը Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցել է մրցման, ի՞նչ կասեք, Փաշիկ Ալավերդյանն ասել է. «Նա գերազանց հանդես եկավ: Բոլոր մասնագետներն էին զարմացած, թե նա ինչպես կարողացավ այդպիսի ծանրություններ բարձրացնել: Կարելի է ասել, Անդրանիկն իր առջև դրված խնդիրները լուծեց»:

Ինչ վեարաբերում է աղջիկներին, նա նշել է, որ Սոնա Պողոսյանն ու Տաթև Հակոբյանը դեռ երիտասարդ են, րանց մասնակցությունից դժգոհ չեն. «Կարծում եմ, երկուսն էլ մեծահասակների մեջ դեռ անցնելու ճանապարհ ունեն:

Հարցին, թե Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում զրո ստացավ՝ չկարողանալով բարձրացնել իր պատվիրած նախնական 87 կիլոգրամը, Փաշիկ Ալավերդյանը նշել է. «Դա անհաջողություն էր: Սպորտում հաջողությունն ու անհաջողությունը կողք-կողքի են քայլում: Ֆեդերացիայում քննարկում կլինի: Որոշման մասին կտեղեկացնենք»:

Placeholder
Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությունում արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր