Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բազմիցս պատասխանել ենք թիկունքում հովանավոր ունենալու մասին խոսակցություններին։ Անձամբ ես ոչ մի բան էլ չեմ ուզում ասել։ Մենք մեր բոլոր քվեները ստացել ենք մեր աշխատանքի միջոցով և որևէ մեկի կողմից չենք վերահսկվում։ Մեզ վերահսկում են միայն մեզ ընտրողները»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Լենա Նազարյանը։
Պատգամավոր ընտրված Նազարյանն ասում է, որ արդեն սովորել է վերջին օրերին հնչող այն մեղադրանքներին, թե իրենք վերահսկվող ընդդիմություն կամ իշխանության պրոեկտ են. «Չեմ ցանկանում մեկնաբանել Լևոն Զուրաբյանի խոսքերը կամ հակադարձել դրանց»։
«Ելք»-ի՝ վերահսկվող ընդդիմություն լինելու մասին այսօր Ազգային ժողովում ակնարկել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լենա Նազարյանի հետ խոսեցինք նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանի ֆեյսբուքյան գրառում մասին, որտեղ ասված է. «Արա էս ,,ելքում.. մի հատ Երևանցի չկա որ ցուցակը գլխավորի, Իջևանից տղա են բերել մեր վրա»։
«Ելք» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Լենա Նազարյանն այս կապակցությամբ նշեց. «Ի՞նչ կարող եմ պատասխանել այն մարդկանց, ովքեր ուրիշ փաստարկ կամ մեկնաբանություն չունեն՝ բացի նրանից, թե մարդը ծնունդով որ տարածաշրջանից է։ Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ Երևանում է ապրում և աշխատում։ Բացի այդ՝ նա բազմիցս ասել է, որ ամբողջ Հայաստանն է իր տունը համարում»։