Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը
Տնտեսություն
19:00 10/04/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը

Կոնվերս Բանկը  գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը՝ Բանկի քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/ սահմանաչափի օգտագործման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Բանկի մամուլի ծառայությունից:

«Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման և առևտրի ոլորտներում Բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի:

Մասնավորապես, «ConverseQvota» ծառայության շրջանակում  հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու  մարման մինչև 12 ամիս ժամկետով  անտոկոս վարկի: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով օպտիմալացնել ծախսերը և պլանավորել  ընտանեկան բյուջեն»,- ասացին Բանկում՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ  վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:

Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության  արժեքի  ամսական մարման չափով:

«ConverseQvota»   ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել Վիզա Կոնկորդ, Տաթև, Լիբերթի և Գասա տուրիստական գործակալությունների ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս կամ տուրիստական փաթեթ:

«Ներկայում բանակցություններ են  ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում  գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ»,- եզրափակեցին Բանկում:

Placeholder
Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը