«Philip Morris Brands Sarl»-ը դատարանում պարտվել է հայկական «Արարատ»-ին
Քաղաքական
15:05 11/04/2017
Տարածաշրջան

«Philip Morris Brands Sarl»-ը դատարանում պարտվել է հայկական «Արարատ»-ին

 Մոսկվայի արբիտրաժային դատարանը մարտի 22-ին մերժել է Ռուսասռանի Դաշնություն «Արարատ»  ծխախոտը ներմուծող  «Գրանտ Տոբակո» ՓԲԸ-ի դեմ  Philip Morris Brands Sarl ընկերության հայցը:  Փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:  

Պարբերականի անդրադարձը ներկայացնում ենք ստորև.

«Վերհիշենք խնդրի պատմությունը: 2016 թվականին Philip Morris Brands Sarl ընկերությունը, պնդելով Ararat և  Marlboro ծխախոտի տուփերի դիզայնի շփոթելու աստիճանի նմանությունը, Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարան էր դիմել ընդդեմ  «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի, պահանջով՝ արգելել Ararat ապրանքանշանի կիրառումը Ռուսաստանի Դաշնության  տարածքում, ինչպես նաև ոչնչացնել այդ սիգարետների ողջ քանակությունն ու վճարել 5 մլն. ռուբլու փոխհատուցում: 

Մոսկվայի արբիտրաժային դատարանում լսվող գործն աննախադեպ չէր: Նմանօրինակ դատական վեճեր ծագել էին նաև մյուս երկրներում: Հայկական արտադրողն իր իրավունքները հաջողությամբ պաշտպանել է նաև Լիբանանում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Թայվանում: Վերոնշյալ երկրներում դատական վեճերը նա է շահել: Այդ պետությունների իրավասու մարմինները դատավճիռ են կայացրել, որ ծխախոտի տուփերի միջև սպառողին շփոթեցնելու աստիճանի նմանություն չկա:  23.05.2016 թվականին ՀՀ վարչական դատարանը նույնպես մերժել է Philip Morris Brands Sarl ընկերության հայցն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, որն Ararat-ը գրանցել է որպես ապրանքանիշ: 

Այս թեմային է անդրադարձել ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությունը, որը, որպես երրորդ կողմ, ներգրավվել էր դատական գործընթացի մեջ: Նա դատարանին է ներկայացրել իր պաշտոնական դիրքորոշումը, համաձայն որի, Ararat և  Marlboro ապրանքանշանների միջև շփոթության աստիճանի նմանություն չկա: Հետևաբար, ՌԴ-ի տարածքում Ararat ծխախոտի իրացման խոչընդոտներ չպետք է լինեն: 22.11.2016 թվականին այս մասին հայտնել է նաև ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կաշևարովը: 

Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանը, գնահատելով կողմերի ներկայացված փոխկապակցված ապացույցները, եկել է հետևյալ եզրահանգման՝ Philip Morris Brands Sarl-ի և «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի ծխախոտների տուփերի փաթեթավորման պատկերի մասերի համեմատական վերլուծությունը թույլ է տալիս հաստատել Marlboro և Ararat ծխախոտների տուփերի պատկերների տարրերի շփոթության աստիճանի նմանության բացակայությունը, թե՛ առանձին վերցված, թե՛ համակցված: 

Marlboro-ի «Ռուֆթոփ» տարրի բացառիկության և Marlboro-ի ապրանքանշանի հետ կապ ունենալու պատրանք ձևավորելու Ararat ծխախոտի արտադրողի իբր մտադրության մասին Philip Morris Brands Sarl-ի պնդումը դատարանն անհիմն է համարել:  Ararat ծխախոտի տուփերի վրա պատկերված տարրը ներկայացնում է հայ ժողովրդի համար սուրբ համարվող լեռան ոճային պատկերն ու միասնականորեն  համակցված է Ararat բառային տարրի հետ:

Դատարանը ուշադրության է արժանացրել նաև այն փաստը, որ  «Շրջապատող ծխախոտի ծխից ու ծխախոտի օգտագործման հետևանքների ազդեցությունից քաղաքացիների առողջության պաշտպանության» մասին դաշնային օրենքի 19-րդ հոդվածի համաձայն,  23.02.2013 թվականից ծխախոտ գնելիս գնորդը չի կարող տեսնել ծխախոտի փաթեթավորումը և, համապատասխանաբար, նաև ծխախոտի տուփի պատկերը: Նա ստիպված է ծխախոտ ընտրել բացառապես անվանումով՝ խանութի կողմից ներկայացված ցանկից: 

Grand Tobacco ընկերության իրավաբան Նիկոլայ Հակոբյանը կարծում է, որ Philip Morris Brands Sarl-ը փորձել է արհեստական խոչընդոտներ ստեղծել՝ ռուսական շուկայում հայկական ծխախոտների շրջանառությունն արգելելու նպատակով: Հակոբյանի խոսքով՝ դատարանում Philip Morris Brands Sarl-ի ներկայացուցիչը նկատել է, որ որքան շատ են վաճառվում Ararat ծխախոտը, այնքան քիչ է իրացվում Marlboro-ն: Դա ներկայացվում էր որպես կորուստ իր ընկերության համար: Արդյունքում, կշռադատելով բոլոր փաստարկները, դատարանը  եզրակացրել է, որ Ararat ու Marlboro ծխախոտների դիզայնի շփոթության աստիճանի նմանություն չկա: Այսինքն՝ հայկական արտադրողն իրավունք ունի ռուսական շուկայում իրացնել իր ծխախոտները բարեխիղճ մրցակցության պայմաններում: Սա կարելի է կոչել հերթական հաղթանակ»:

Placeholder
«Philip Morris Brands Sarl»-ը դատարանում պարտվել է հայկական «Արարատ»-ին