Էջմիածինը շուտով ֆուտբոլի ակադեմիա կունենա
Քաղաքական
17:26 12/04/2017

Էջմիածինը շուտով ֆուտբոլի ակադեմիա կունենա

«Քաղաքում ֆուտբոլի ակադեմիա ունենալու անհրաժեշտությունը չափից ավելի մեծ է»,-Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Նրա խոսքով,  քաղաքը ժամանակին կորցրել է մարզադահլիճները, մարզադաշտը և դրանց կարիքը շատ էր զգացվում:

«Առնվազն 200 մարզիկ տարբեր դպրոցներում պարապում են ֆուտբոլով, իսկ մարզիչներին քաղաքն է վարձատրում: Ակադեմիա ունենալու խնդրանքով դիմեցինք Հանրապետության նախագահին, և պետություն-ազգային ֆեդերացիա-քաղաք համատեղ աշխատանքով մեկ-երկու տարվա ընթացքում կկառուցվի ֆուտբոլի ակադեմիան»,-ասաց Կ. Գրիգորյանը: 

Քաղաքապետը տեղեկացրեց, որ 1100 մետր քառակուսի մակերես ունեցող երկհարկանի շենքում կլինեն ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ:

Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիանն կունենա նաև բացօթյա լողավազան, արհեստական 1 և բնական 3 խոտածածկով խաղադաշտեր: Կկառուցվի նաև մոտ 500 նստատեղով տրիբունա՝ֆուտբոլի առաջնությունների պաշտոնական հանդիպումները հյուրընկալելու համար:

Կարեն Գրիգորյանը նշեց նաև, որ ակադեմիայում կարող է  մարզվել մինչև 600 երեխա: Ակադեմիան աշխատանքով կապահովի 25-30 մարդու՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար Հայաստանի հոգևոր կենտրոն են մեկնել ՀՀ նախագահը, ՈւԵՖԱ-ի նախագահն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:






Placeholder
Էջմիածինը շուտով ֆուտբոլի ակադեմիա կունենա