Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում. վարչապետ
Տնտեսություն
17:20 13/04/2017

Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում. վարչապետ

«Կառավարությունը պատրաստ է խրախուսել տեղական արտադրողին և սուբսիդավորել այն կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսը, որոնք միտված են արտադրությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- այս մասին նշել է  վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր ընդունելով թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:   

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, արտադրությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր: 

Ձեռնարկությունների ներկայացուցիչները ներկայացրել են գործունեությունն ընդլայնելուն ուղղված կոնկրետ ներդրումային նախաձեռնություններ, որոնց արդյունքում հանրապետությունում նախատեսվում է ստեղծել մի քանի հազար նոր աշխատատեղ:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ կարճ ժամանակում առարկայական քննարկել բոլոր նախաձեռնությունները և շարժվել առաջ: Անդրադառնալով հարկային ու մաքսային վարչարարության հետ կապված հարցերին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր խնդիրն է բիզնեսի համար  ապահովել հավասար մրցակցային դաշտ: Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱԱՀ-ի վերադարձի ժամանակահատվածին, ընկերությունների կողմից ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, ոլորտի մասնագետների ուսուցմանը, վերապատրաստմանը և այլ հարցերի:

Placeholder
Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում. վարչապետ