Գյուղնախն ու ագրարային համալսարանը կհամագործակցեն սերմարտադրության զարգացման ծրագրի հարցերով
Տնտեսություն
18:37 13/04/2017
Հայաստան

Գյուղնախն ու ագրարային համալսարանը կհամագործակցեն սերմարտադրության զարգացման ծրագրի հարցերով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը` քննարկելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱԱՀ հետ համատեղ մշակված աշխատանքային ծրագիրը:

ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի  սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելը կամ արտահանման խթանումը: 

«Եթե մենք  կարողանանք  համապատասխան հաշվարկներով և վերլուծություններով հիմնավորել, որ  այդ ծրագրերը մրցակցային են, շահավետ և  կարող ենք հաղթող դուրս գալ`  ներմուծումը ներքին արտադրության փոխարինելու կամ արտահանումը խթանելու հարցում, ապա դրանք կդառնան ռազմավարական ծրագրերի մաս` պետական աջակցությամբ կամ սուբիսդավորմամբ, որոնք զարգացում կապահովեն»,-  նշել է նախարարը։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է պատրաստել փաստաթղթեր մի շարք մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության տնտեսական արդյունավետության, դրանց մշակության առավել նախընտրելի գոտիների և արդյունավետ ցանքաշրջանառության, ցածրարժեք մշակաբույսերը բարձրարժեք մշակաբույսերով փոխարինման, խորհրդատվական ծառայությունների, տոհմաբուծության, անասնաբուծության, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերման արժեշղթայի արդյունավետ մեխանիզմների զարգացման և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ։

Այդ նպատակով նախատեսվում է ձևավորել 12 աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում մշակել ծրագրեր, որոնք համապատասխան փորձաքննությունից հետո կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:
 

Placeholder
Գյուղնախն ու ագրարային համալսարանը կհամագործակցեն սերմարտադրության զարգացման ծրագրի հարցերով