Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը դասավանդի ՀՀԿ-ի հիմնադրած քաղաքական դպրոցում. Աշոտյան
Կրթություն, գիտություն
13:52 13/04/2017
Հայաստան

Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը դասավանդի ՀՀԿ-ի հիմնադրած քաղաքական դպրոցում. Աշոտյան

Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի աշխատանքի մեկնարկին՝ մեկ տարի առաջ, տարաբնույթ մեկնաբանություններ էին հնչում, սակայն ժամանակն ապացուցեց այն այս պահին լավագույն քաղաքական դպրոցն է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Առաջին ունկնդիրներին ընդունեցինք, նրանք չորսուկես ամիս ինտենսիվ աշխատեցին, լսեցին ՀՀ և արտասահմանցի առաջնակարգ փորձագետներին: Այժմ մտադիր ենք երկարաձգել փաստաթղթերի ընդունման  ժամկետները՝ մինչև ապրիլի 22-ը: Այս պահին առկա է ընդունելության մոտ 100 հայտ: Դպրոց կարող են ընդունվել 20-40 տարեկան մոտիվացված բոլոր մարդիկ՝ անկախ քաղաքական հայացքներից»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ դպրոցն իր գործունեությունը չի դադարեցրել անգամ ԱԺ ընտրությունների շրջանում:

Բանախոսը տեղին համարեց ընդգծել նաև, որ քաղաքագիտական դպրոցի առաջին շրջանավարտներից մի քանիսը մասնակցել են մեկից ավելի ընդդիմադիր ուժերի նախընտրական քարոզարշավներին:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ քաղաքագիտական դպրոցում ուսուցումն անվճար է: Բացի այդ՝ տեղեկացրեց, որ ընդառաջելով արցախցի երիտասարդների ցանկությանը՝ նախնական տվյալներով հուլիս ամսին Արցախում կազմակերպվելու է քաղաքագիտական դպրոցի ամառային դասընթացի ծրագիր, որին մասնակցելու են բացառապես արցախցի երիտասարդներ՝ թվով 50 հոգի:

«Ամառային դպրոցը բաց է  լինելու պետական բոլոր այն ծառայողների համար, ովքեր ուսանելու ցանկություն կունենան: Հայաստանից հրավիրվելու են առաջատար մասնագետներ, ինչպես նաև Արցախի առաջատար քաղաքական ուժեր և դրանց ղեկավարներ: 50 հոգին այն օպտիմալ քանակն է, որ թույլ կտա ապահովել որակյալ կրթություն»,- նկատեց նա:

Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ դպրոցը շարունակաբար ընդլայնում է նաև միջազգային կապերը՝ ի դեմս միջազգային ուղեղային կենտրոնների հետ փոխգործակցության:

Վերջում ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իրենք պատիվ կհամարեն, եթե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնի դասախոսել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում:

«Ես կերազեի, որ հայ մի շարք պաշտոնյաներ դասավանդեին այդ դպրոցում: թե ՀՀ առաջին նախագահը ընդունի մեր հրավերը՝ դասավանդելու դպրոցում, նա կունենան այնքան ակադեմիական ազատություն, որքան մյուս բոլոր դասախոսները»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը:

Placeholder